Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի պատգամավորները բարձր են գնահատում Արցախում ընտրությունների մասնակցության ակտիվությունը

Ապրիլ 01,2020 17:10

«Ընդհանուր առմամբ, ընտրությունները գնահատում ենք շատ դրական: Շատ կարեւոր է արձանագրել շատ բարձր մասնակցությունը, որն ի հեճուկս տարբեր կանխատեսումների, այնուամենայնիվ, Արցախի բնակչությունը ցույց տվեց»,- այսօր Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում`ամփոփելով երեկ Արցախում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում իրենց առաքելության դիտարկումներն` ասաց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները շրջել են բոլոր շրջաններում, եղել գրեթե բոլոր ընտրատեղամասերում: Ըստ Ալեն Սիմոնյանի, թերություններ, իհարկե կային, կային նաեւ որոշ բաներ, որոնց շուրջ «աշխատելու շատ բան կա», բայց քվեարկության արդյունքների տվյալներն, ըստ ԱԺ փոխնախագահի, արտացոլում է այն պատկերը, որը «արցախցին ձեւավորել է քվեարկության միջոցով»: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Ալեն Սիմոնյանի կարծիքով, կլինի ավելի լավ կազմակերպված: Նա հույս ունի, որ աշխարհում կորոնավիրուսի համաճարակով գոյություն ունեցող իրավիճակը չի կարող հաղթել եւ 14 օր հետո Արցախում նախագահական ընտրությունները կկայանան, քանի որ դա շատ կարեւոր է Արցախի հանրապետության վերջնական կայացման համար: «Ես ենթադրում եմ՝ Արցախի իշխանությունները ճիշտ կգնահատեն իրավիճակը եւ ճիշտ որոշում կկայացնեն: Այն պարագայում, երբ ստեղծվի իրավիճակ, որ լինեն տարբեր կարծիքներ, մենք դա կքննարկենք: Բայց ես գրեթե բացառում եմ, որ ՀՀ եւ ԱՀ իշխանությունների միջեւ իրավիճակի ընկալումն այդքան տարբեր լինի»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ ընտրությունների մասնակցության բարձր ցուցանիշին: Ըստ պատգամավորի, սա խոսում է այն մասին, որ արցախցիները կարեւորում են իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները, արժեւորում են եւ զգում են պատասխանատվությունը`սեփական իշխանություն ձևավորելու: Սա էլ իր հերթին, ըստ բանախոսի, ինքնիշխանության, ինքնորոշման համար շատ բարձր ցուցանիշ է եւ շատ կարեւոր է: Այս առումով, նա հպարտություն է զգում արցախցիների համար: «Ինքս եղել եմ Մարտակերտի մի քանի ընտրատեղամասերում: Հայտնաբերել ենք ընթացակարգային խախտումներ, որոնք ունեին մի քանի պատճառներ. ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ, կա վերապատրաստման լուրջ կարիք: Երկրորդը` իրավական բացերն էին, որոնք, պետք է շտկել, քանի որ ամեն ընտրություններից հետո ԸՕ-ի շտկման կարիք է լինում: Այդ խախտումները տեղում, հանձնաժողովների նախագահների հետ մենք փորձել ենք վերականգնել: Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են շատ խաղաղ»,-ասաց նա` հավելելով, որ երկրորդ փուլի մասնակցությունը, վստահ է, նորից շատ բարձր կլինի եւ այն ավելի բարելավված գործընթացով կկազմակերպվի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արտյոմ Ծառուկյանը շեշտեց միակամությունն այն հարցում, որ ՀՀ-ն արցախցու ազատ կամարտահայտման երաշխավորն է եւ դա փաստ է: Նա կարեւորեց այն, որ ԿԸՀ-ն պատշաճ ապահովել էր մարդկանց տեղամաս մուտք ու ելքի համար անհրաժեշտ պայմանները` ախտահանող միջոցներ, բժշկական պարագաներ: Ըստ պատգամավորի, մարդիկ էլ շատ պատասխանատու էին վերաբերվում իրավիճակին եւ 73 տոկոս մասնակցությունն այս պայմաններում ապացուցեց, որ արցախցին միակամ է, վճռական է` իր կարծիքն ազատ արտահայտելու հարցում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Հայաստանի ԱԺ դիտորդները հանդիպում են Արցախի ԿԸՀ նախագահի հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930