Լրագրողները խնդրեցին Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին համեմատել մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած ընտրությունները և Ադրբեջանում փետրվարին տեղի ունեցած ընտրությունների հետ։
Նա պատասխանեց. «Բոլոր արձանագրված խնդիրներով հանդերձ այս ընտրությունները որևիցե կերպ ուղղակի չեն կարող համեմատվել Ադրբեջանում փետրվար ամսին կամ վերջին տարիներին տեղի ունեցած որևիցե ընտրության հետ։ Ընդհանրապես համեմատության որևէ եզր չկա։ Որակապես բացարձակապես տարբեր հարթություններում են այս ընտրությունները»։
Դանիել Իոաննիսյանը նաև հավելեց. «Այս ընտրություններից առաջ այդքան էլ միարժեք չէր, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները։ Ես նույնիսկ Հայաստանում վերջին տարիներին չեմ հիշի մի համապետական կամ մեծ մասշտաբի ընտրություն, որի ժամանակ կամ որի քվեարկությունից առաջ չիմանանք, թե ով է ընտրվելու։ Վերջին շատ տարիներին միշտ բոլորս գիտեինք, թե մոտավորապես գոնե ինչ պատկեր է լինելու, ով է ընտրվելու։ Այս դեպքում՝ դա այդքան էլ միարժեք կանխատեսելի չէր։ Եվ սա էր նաև պատճառներից մեկը, որ բազմաթիվ ընտրողներ մոտիվացված էին գնալ ընտրատեղամասեր, որովհետև թերևս, երբ որ ակնհայտ է, թե ով է հաղթելու, իսկ ով է պարտվելու, անկախ այն հանգամանքից՝ դու հաղթողի կողմից ես, թե պարտվողի, քվեարկությանը մասնակցելու մոտիվացիան այդքան էլ մեծ չէ։ Բայց երբ որ տրիվիալ չի, թե ով է հաղթելու, իսկ ով՝ պարտվելու, ըստ էության գալիս է այն տրամաբանական եզրահանգումը, որ քվեից շատ բան է կախված, և մարդիկ առավել մոտիվացված են լինում գնալ տեղամաս։ Եվ երևի թե սա է պատճառը, որ նույնիսկ կորոնավիրուսի վախի լույսի ներքո գրանցվեց մոտավորապես նույնքան մասնակցություն, ինչքան 2012 թվականի Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ