Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների ընթացքում իրականացրել է կարճաժամկետ դիտորդական առաքելություն։ 282 ընտրատեղամասերից նրանք դիտարկել են 49 տեղամաս՝ ունենալով 98 տեղամասային դիտորդներ և 8 տարածքային դիտորդներ։ Եվս 18 դիտորդներ շրջիկ խմբերով շրջել են Արցախի բոլոր շրջաններում։
Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ տեղամասերից 3-ի տարածքը բավարար չէր քվեարկության բնականոն ընթացքի իրականացման համար. «Տեղամասերից 16-ում եղել են դրա իրավունքը չունեցող անձինք։ 13 տեղամասում եղել են դեպքեր, որ այլ անձ գտնվի քվեարկության խցիկում։ Ընդ որում, այլ անձի տակ մենք որևէ կերպ չենք հասկանում օրենքով սահմանված կարգով օգնողին կամ երեխաներին։ Ընդ որում, որոշ տեղամասերում այդ այլ անձի կողմից գտնվելը դիտորդի կողմից հստակ գնահատվել է որպես վերահսկողական բնույթ կրող»։
Նա հավելեց, որ 15 տեղամասում եղել են վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ, որոնք չեն կրել համապատասխան վկայական։ 12 տեղամասում խախտումները չեն գրանցվել գրանցամատյանում։ 9 տեղամասում գրանցվել են ընտրության մասին բարձրաձայնելու դեպքեր։ Քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր դիտարկվել են 40 տեղամասում. «Դիտորդները հաշվարկել են 700 նման դեպք, որոնք հիմնականում եղել են տարեցների կողմից։ 2 տեղամասում գրանցվել է քվեաթերթիկը դուրս տանելու փորձ, ընդ որում մեկում ընտրողը փորձել է քվեաթերթիկը դուրս տանել, այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահը արգելել է լուսանկարել քվեաթերթիկը»։
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ դիտարկված ընտրատեղամասերի 20 տոկոսում դիտորդները արձանագրել են ընտրողի՝ սեփական քվեաթերթիկը լուսանկարելու դեպքեր. «Նման դեպքերի մասին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել նաև այլ դերակատարների կողմից, բազմաթիվ տեսանյութեր երևի հանդիպել եք արդեն համացանցում։ Այս դեպքերից և ոչ մեկով ընտրական հանձնաժողովների նախագահները չեն դիմել տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Իսկ հանձնաժողովի նախագահներից մի քանիսը նաև մեր հետ զրույցներում պատճառաբանել են դա համապատասխան հրահանգավորմամբ»։
Կարդացեք նաև
11 դեպքում նկատվել են կուտակումներ, որոնցից 4-ում կուտակումները զուգորդվել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության հետ։ Իսկ մեկական տեղամասում բաց քվեարկության և քվեարկությունից անմիջապես հետո թեկնածուներից մեկի շտաբ այցելելու հետ. «Դիտարկված տեղամասերից 7-ում վստահված անձը փորձել է այլ անձանց հրահանգներ և կարգադրություններ տալ, մեկ դեպքում նման լիազորություն իրեն վերապահել է ԶԼՄ ներկայացուցիչը։ Դա հիմնականում արդյունք է եղել նրա, որ որոշ տեղամասերում հանձնաժողովի նախագահը կամ անդամները չէին տիրապետում իրենց գործառույթներին։ Վիճաբանություն գրանցվել է 10 տեղամասում, և հիմնականում վստահված անձանց և հանձնաժողովների անդամների մասնակցությամբ՝ առնչվել են հանձնաժողովի կողմից խախտումներ չվերացմանը»։
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ երեք տեղամասի շրջակայքում նկատվել է ընտրողների կազմակերպված տեղափոխում, երկու դեպքում այն չի կրել համակարգային բնույթ. «Բայց օրինակ՝ մի տեղում՝ Քարվաճառում, տեղափոխումը անընդհատ էր, և կազմակերպված էր Արայիկ Հարությունյանի աջակիցների կողմից»։
Նա նշեց նաև, որ դիտարկված տեղամասերի ⅔-ի տեղամասային կենտրոնի հարակից տարածքում եղել են մարդկանց կուտակումներ. «Զգալի մասում ոստիկանությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել կուտակումը վերացնելու համար։ Կուտակումներից վեց դեպքերը հստակ կապված են եղել թեկնածուների վստահված անձանց հետ, որոնցից երեքը շարունակվել են քվեարկության ամբողջ ընթացքում»։
Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ երկու ընտրական տեղամասերում ձայների հաշվարկի ժամանակ անճշտություններ շտկելու համար իրականությանը չհամապատասխանող թվեր են գրանցվել գրանցամատյանում կամ փոխվել ելակետային տվյալները։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ Իրազեկ քաղաքացիների միավորում – Union of Informed Citizens