Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ԲԴԽ նախագահի լիազորությունների մեջ չի մտնում այդ ժանրում նամակագրությունը». Հայկ Ալումյանը՝ իր և Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առիթով

Ապրիլ 01,2020 16:25

«Փաստաբանների պալատի որոշմամբ՝ չի գնահատվում և չի էլ կարող գնահատվել՝ մենք անհարգալից վերաբերմունք դրսևորե՞լ ենք, թե՞ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահ Արա Զոհրաբյանի 30.03.2020թ. որոշմամբ փաստաբաններ Հայկ Ալումյանի (արտոնագիր թիվ 284), Հովհաննես Խուդոյանի (արտոնագիր թիվ 2040) և Միհրան Պողոսյանի (արտոնագիր թիվ 1112) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի և 4.1 կետի խախտման հատկանիշներով:

Հայկ Ալումյանի հետ զրույցում փաստեցինք՝ ՓՊ որոշման մեջ ներկայացվում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի դիմումը, որում ամրագրված է. «Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց, Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում, Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը և Միհրան Պողոսյանը գտնվելով դատական նիստերի դահլիճում, ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ»:

Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Որոշմամբ փաստվել է, որ այդպիսի դիմում կա, և որպեսզի այդ դիմումում նշված փաստերը ստուգվեն և դրանց գնահատականներ հնարավոր լինի տալ, հարուցվել է կարգապահական վարույթ: Այսինքն՝ կարգապահական վարույթ հարուցելն ինքն իրենով չի նշանակում, որ վարույթ հարուցողը գտնում է, որ փաստաբանները թույլ են տվել կարգապահական խախտում»:

Հայկ Ալումյանն ասաց, որ հենց ինքն է իր հերթին միջնորդել, որպեսզի այդ դեպքի հետ կապված իր նկատմամբ հարուցվի կարգապահական վարույթ. «Իմ նպատակը եղել է՝ ես ինքս հասնեմ նրան, որ մարտի 17-ի միջադեպը պաշտոնական կերպով դառնա ՓՊ խորհրդի քննարկման առարկա, և խորհուրդը միջադեպի բոլոր մանրամասներն իրավասու լինի քննարկել ու գնահատականներ տալ: Այլապես ոչ մի ուրիշ եղանակով ես անձամբ չէի կարող հասնել նրան, որ այդ միջադեպն օբյեկտիվ քննության առարկա դառնար: Այն, ինչ դատական դեպարտամենտը, ԲԴԽ նախագահն է այդ միջադեպի հետ կապված կարծում, դրանք օբյեկտիվ քննարկման արդյունք չեն, այլ իրադարձությունների՝ միակողմանի գնահատման արդյունք: Եվ որպեսզի այդ ամենն օբյեկտիվ քննարկվի, ընդ որում, թափանցիկ. խորհրդի նիստերը հեռարձակվում են, այդ տարբերակներից ամենաարդյունավետն այն է, որ կարգապահական վարույթ հարուցվի: Ուստի ինքս միջնորդել էի, որ վարույթ հարուցվի: Թեև ես համարում եմ, որ վարույթը պետք է հարուցվեր ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա, այլ ոչ թե ԲԴԽ նախագահի դիմումի հիման վրա, քանի որ իմ կարծիքով՝ ԲԴԽ նախագահն առհասարակ նման դիմումներ ներկայացնելու լիազորություն չունի: Ամեն դեպքում, ՓՊ-ն հղում արեց և′ ԲԴԽ նախագահի դիմումին, և′ ԶԼՄ-ների հրապարակումներին, և′ նաև հիշատակեց, որ ինքս էլ եմ միջնորդել վարույթ հարուցել»:

Հայկ Ալումյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ դիմումը ոչ թե ԲԴԽ-ն է ներկայացրել, այլ ԲԴԽ նախագահը և հավելեց. «ԲԴԽ նախագահի լիազորությունների մեջ չի մտնում այդ ժանրում նամակագրությունը: Եվ ես միջնորդել եմ, որ նրա դիմումը չդիտվի առիթ վարույթ հարուցելու, բայց միաժամանակ վարույթ հարուցվի՝ իմ միջնորդությունն ընդունելով որպես առիթ: ՓՊ-ն և′ նա, և′ մյուսն է դիտել առիթ»:

Ըստ ընթացակարգի՝ գործը կփոխանցվի մի անձի, որը նախապատրաստելու է նյութերը, բոլոր կողմերից վերցնելու է ապացույցներ, հնարավորություն տալու ներկայացնել բացատրություններ, փաստարկներ: Հետո իր սեփական եզրակացությունը կփոխանցի խորհրդի քննարկմանը: Խորհրդի նիստում կքննարկվեն գործի հանգամանքները, կողմերի փաստարկները, նրանց ներկայացրած ապացույցները, նիստին կողմերը կկարողանան նաև բանավոր ներկայացնել իրենց փաստարկները, որից հետո խորհուրդը կհեռանա որոշում կայացնելու:

Հետաքրքրվեցինք՝ այս գործընթացին զուգահեռ կարո՞ղ են ընթանալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերը, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Իհարկե, կարող են զուգահեռ ընթանալ, ընդհանրապես կապ չունեն միմյանց հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930