Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արցախցին մրցակցային ընտրություններում որոշեց`ում է տեսնում իր զարգացման եւ անվտանգության երաշխավորի դերում». Արփինե Հովհաննիսյան

Ապրիլ 01,2020 15:54

«Ընտրություններն անցել են մրցակցային, ազատ, խաղաղ մթնոլորտում: Իհարկե, նկատվել են նաեւ խախտումներ»,- Aravot.am-ի հետ զրույցում, ամփոփելով Արցախի հանրապետությունում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններն, ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» Հ/Կ համահիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Կազմակերպությունը եւ միջազգային դիտորդական առաքելություն է իրականացրել եւ տեղական: Կազմակերպության հարյուր քառասուն դիտորդները հարյուրից ավելի ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացրել:

«Ի սկզբանե աչքի են զարնել ընտրատեղամասերի շրջակայքում մարդկանց կուտակումները: Վաղ առավոտից նկատվում էր մարդկանց ակտիվ հոսք, ինչի հաշվին թե ընտրատեղամասերի ներսում, թե դրսում մարդկային կուտակումներ կային: ԿԸՀ-ի կողմից ընտրատեղամասերին տրվել էին դիմակներ, գրիչներ, ձեռնոցներ` հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Ընթացքում, մեկ-երկու տեղամասերում առաջացել է դիմակների, գրիչների, ձեռնոցների սակավություն`կրկին պայմանավորված մարդկանց ակտիվ հոսքով, որը սակայն, ահազանգից հետո, ԿԸՀ-ի կողմից լրացվել է»,- մանրամասներ ներկայացրեց մեր զրուցակիցը:

Հաջորդ ընտրախախտումը, որը նկատվել է մի քանի ընտրատեղամասերում, եղել է ընտրողների կողմից իրենց քվեաթերթիկը լուսանկարելը, բաց քվեարկությունը: «Այս առումով մենք նկատել ենք, որ որոշ դեպքերում սրա պատճառը եղել է ընտրողների չիմացությունը: Այս դեպքերում դիտորդների կողմից ահազանգման ժամանակ անձինք լուսանկարները ջնջել են»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հաջորդ ընտրախախտումը, որը կրկին կատարվել է մի քանի տարբեր տեղամասերում, եղել է քվեախցիկների չկնքվածությունը, կամ կնքվածության համապատասխան հատվածի պոկված լինելը, բայց սա եւս ահազանգելուց հետո ԿԸՀ-ի կողմից շտկվել է, նոր քվեատուփ է բերվել, բոլորի աչքի առաջ տեղադրվել: Արփինե Հովհաննիսյանը փաստում է. «Այսինքն, իրավիճակը շտկվել է»:

«Իհարկե, ընտրախախտումներն ազդեցություն չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքների պատկերի վրա»,- ասաց մեր զրուցակիցը

Ընտրությունների նախնական արդյունքներն արդեն պարզ են, Արփինե Հովհաննիսյանից նաեւ հետաքրքրվեցինք` ինչի՞ մասին են դրանք փաստում:

«Նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանը հավաքել է «կողմ» քվեարկած քվեաթերթիկների 49%-ը, իսկ Մասիս Մայիլյանը`26.2%-ը, Վիտալի Բալասանյանը` 14.7%-ը: 14 օր անց տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը: Հետաքրքրական է, որ Արցախի խորհրդարանական ընտրություններում շուրջ 40% ձայն հավաքել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը, բայց Մասիս Մայիլյանի գլխավորած դաշինքը չի անցել խորհրդարան: Ընդհանուր առմամբ, Արցախի խորհրդարան անցել են հինգ քաղաքական ուժեր` «Ազատ հայրենիք» կուսակցությունը, «Միասնական հայրենիքը», «Արդարություն» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Երեկ տեղամասերից մեկում, որտեղ դիտորդական առաքելություն էր իրականացնում Արփինե Հովհաննիսյանը, միջադեպ եղավ`«Արցախի հեղափոխական կուսակցության» ներկայացուցչի մասնակցությամբ: Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը թիվ 1/5 ընտրական տեղամասում փորձել է խոչընդոտել դիտորդական առաքելության աշխատանքներին` սպառնալիքներ հնչեցնելով դիտորդական առաքելության ղեկավարի հասցեին: Արփինե Հովհաննիսյանին խնդրեցինք մանրամասնել` ինչն էր խնդիրը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու այդ առիթով: «Ինչ վերաբերում է դիտորդական առաքելության ընթացքում ինձ հետ տեղի ունեցածին, ապա ես հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել Գլխավոր դատախազություն, ինձ այսօր տեղեկացրին, որ հաղորդմանս հիման վրա քրեական գործ է հարուցվել»:

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը փորձում է միջամտել նաև դիտորդների աշխատանքին։ Հարկ է նշել, որ Արթուր Օսիպյանը թիվ 1/5 ընտրական տեղամասում փորձել է խոչընդոտել մեր դիտորդական առաքելության աշխատանքներին ևս` սպառնալիքներ հնչեցնելով դիտորդական առաքելության ղեկավարի հասցեին:

Ամփոփելով ընտրությունների ընդհանուր արդյունքները, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Կարծում եմ, արցախցին հնարավորություն ունեցավ ազատ, մրցակցային եւ բազմաթիվ թեկնածուների առկայության պայմաններում որոշելու, թե ում է իր ձայնը տալիս, ում է տեսնում իր զարգացման եւ անվտանգության երաշխավորի դերում: Այս տեսանկյունից հետաքրքրականն այն էր, որ Մասիս Մայիլյանը`որպես նախագահի թեկնածու 22.2% ձայն է հավաքել, սակայն իր գլխավորած կուսակցությունների դաշինքը խորհրդարան չի անցել»:

Հետաքրքրվեցինք`ընտրախախտումների գրանցված մակարդակը հետընտրական զարգացումների հնարավորություն ստեղծո՞ւմ են: «Կարծում եմ ընտրախախտումների մակարդակը հիմք չի տա հետընտրական զարգացումների: Միշտ կարող են լինել սադրանքներ, չափազանցողներ, բայց կրկնում եմ, 100-ից ավելի ընտրատեղամասերում ենք իրականացրել դիտորդական առաքելություն, ինչի մասին առանձին զեկույցով հանդես կգանք, որը կներկայացնի իրավիճակը`տեղամաս առ տեղամաս, սակայն այս ամենը արցախցու քվեի եւ ընտրությունների վերջնական արդյունքի վրա չեն ազդել: Ուստի, չպետք է հետընտրական զարգացումներ լինեն, մանավանդ տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ դատախազությունը ստացել է շուրջ 40 հանցագործության մասին հաղորդումներ, իրենք էլ կամփոփեն, պարզ կդառնա ինչ քրեական գործեր են հարուցվում, ինչը եւս որոշակի պատկեր կտա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930