«Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը կարծում է, որ կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի համատեքստում ՀՀ-ն եւ Արցախը պետք է գործակցեն: «Արցախն առաջնահերթ մեծ դեր կարող է ունենալ ՀՀ-ի պարենային անվտանգության հարցում. աշխարհում մեծ աղետ ու ճգնաժամ է սպասվում: Մենք վաղուց ենք նման համատեղ ծրագիր առաջարկել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց նա:
Հարությունյանը շեշտեց՝ այս գաղափարի շուրջ Արցախի որեւէ ուժի կամ գործչի հետ գործակցությունը չի բացառում. «Բացի Ադրբեջանից (ժպտում է), բոլորի հետ պատրաստ եմ գործակցել: Քաղաքական նկրտումները մի կողմ պետք է դնել: Արցախը վաղուց լուծել է իր պարենային խնդիրը, բայց ինչպե՞ս եք պատկերացնում, որ Արցախում ցորեն լինի, իսկ ՀՀ-ում՝ ոչ: Տուրիզմ ու տրանսֆերներ այլեւս չեն լինելու ՀՀ-ում նման պայմաններում, եւ ՀՀ-ի պարենային դեֆիցիտը մեծ է: Էլ չեմ ասում՝ վառելիքը, որը դրսից է բերվում»:
Ըստ Արցախի նախկին վարչապետի՝ սպասվող տնտեսական ճգնաժամն այնպիսին է, որ անգամ նոր հագուստ եւ մեքենա գնելուց պետք է հրաժարվենք, որովհետեւ այն, ինչ ներմուծվում է, դրա դիմաց վճարում ենք. «Բոլոր ռեսուրսները պետք է խնայել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից