«Չեմ ուզում Սամվել Բաբայանի կամ մյուսների անուններն առանձնացնել: Այն ուժերի հետ կկազմենք, որոնք կընդունեն մեր օրակարգը՝ անվտանգություն, սոցիալ-տնտեսական զարգացում»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե խորհրդարանում առաջիկայում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի (որպես նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չի ունեցել) կուսակցության հետ կոալիցիա կկազմի՞՚:
Հարությունյանը շեշտեց. «Մի կարեւոր պայման կա՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, Արցախի իշխանությունը պարտավոր է գործակցել ՀՀ իշխանության հետ, եւ միայն մի հարցում կարող է լինել տարաձայնություն, դա Արցախի խնդիրն է: Փառք աստծո, մեր իշխանության դիրքորոշման եւ ՀՀ իշխանության միջեւ այսօր քաղաքական տարաձայնություն չկա: Այն ուժերը, որոնք պատրաստ կլինեն գործակցել այդ շրջանակում, մենք պատրաստ կլինենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «ըստ երեւույթին, Մասիս Մայիլյանի ստացած ձայների մեծամասնությունը Սամվել Բաբայանի ձայներն են (Բաբայանը սատարել է Մայիլյանին), դուք Մայիլյանին պաշտոնի առաջարկ կանե՞ք ընտրությունների հետո, եւ հնարավո՞ր է, որ որոշակի փուլում դադարեք գործակցել Մայիլյանի հետ՝ հաշվի առնելով Բաբայանի կուսակցության ստացած ձայները: Արայիկ Հարությունյանը չցանկացավ փակագծեր բացել. «Որեւէ մեկի հետ ոչ հանդիպել եմ, ոչ զրուցել: Մի բան կարող եմ ասել, որ Արցախում հակառակորդ-թշնամի չունեմ: Մայիլյանի հետ անցած ճանապարհ ունեմ, իսկ Բաբայանը հրամանատար էր, երբ ծառայում էի: Մյուս թեկնածուներից երկուսն էլ սանիկներս են, որ սկսեմ թվարկել…բոլորի հետ ընկերներ ենք, հարաբերություններ ունենք: Հայաստանյան ԶԼՄ-ներին խնդրանքս այն է, որ մի փորձեք արհեստական սեպ խրել մեր միջեւ»:
Ապա Արայիկ Հարությունյանը կրկնեց՝ եթե նշյալ քաղաքական գործիչներն ընդունեն ՀՀ իշխանության հետ միասին գործելու իր տեսլականը, պատրաստ է գործակցել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից