Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյուղոլորտին տրամադրվող օժանդակ վարկեր ստանալու պայմանները. դասընթացներին մասնակցելը պարտադիր է

Ապրիլ 01,2020 15:03

Կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների ծրագրային փաթեթներից ինչպես կարելի է օգտվել. էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսին ներկայացրեց օժանդակություններից մեկի՝ արտոնյալ պայմաններով գյուղացիական տնտեսություններին կամ ֆերմերներին վարկի տրամադրման մանրամասները:

Այդ վարկերը ստանալու համար հարկավոր է դիմել ֆինանսական կառույցին, հետո այս կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնելու է նախարարությանը: Ապա, ինչպես Խոջայանը պատմեց, այս անձանց խմբավորելու են ու մարզերում կազմակերպելու են հեռակա դասընթացներ, հետո տվյալ անձինք հավաստագիր են ստանալու, այն պետք է ներկայացնեն ֆինանսական կառույցին՝ բանկին կամ վարկային կազմակերպությանը, սրանք էլ գնահատելու են տվյալ դիմումատուի վարկունակությունն ու ըստ այդմ կայացնելու որոշում:

Փոխնախարարն ասաց, որ նրանք, ովքեր չեն ուզում վարկ, ուզում են իրենց գումարով ներդրում անել, նախարարությունն առաջարկում է՝ փոխհատուցման տարբերակ: Օրինակ՝ եթե ջերմոցային տնտեսություն, խելացի անասնաշենքեր կառուցելու միտք կա, կամ ինտենսիվ այգիներ հիմնելու, ոռոգման համակարգեր ներդնելու, տոհմային ոչխարաբուծություն սկսելու մտադրություն, ապա պետությունն առաջարկում է փոխհատուցում: Ասենք՝ անասնաշենքի առաջին մոդելը 11 մլն դրամ է, կառավարությունը փոխհատուցում է 5.5 մլն դրամը: Ըստ Կոջոյանի, պետք է դիմել նախարարություն, համապատասխան փաստաթղթեր ներկայացնել, ընդ որում, փաստաթղթերը կարելի է ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին: Ասենք ջերմատուն պետք է հիմնվի, հարկավոր է նախարարությանն ուղարկել անձը հաստատող փաստաթղթի եւ հողի մասին հավաստող՝ անշարժ գույքի վկայականի պատճենները: Հետո նախարարությունից այցելություն եւ տեղազննություն կլինի ու հինգ օրյա ժամկետում որոշում կկայացվի:

Եթե դիմումատուների պատասխանը դրական է, ապա նրանք պարտադիր պետք է կարճատեւ դասընթացի մասնակցեն:
«Օրինակ՝ ջերմատների համար պետք է պարտադիր հնգօրյա դասընթացի մասնակցել՝ ջերմատնային տնտեսության կառավարման մասին: Բացի այս հեռակա դասընթացներից, նաեւ պետք է դաշտային դասընթացների մասնակցել, հետո երբ հավաստագիրը ստանան, թույլատրվելու է ջերմատունը կառուցել եւ ստանալ փոխհատուցումը»,-ասաց փոխնախարարը:

Նա ասաց, որ կա հնարավորություն օգտվել այն վարկատեսակից, որն ամենատարածվածն է՝ մինչեւ 1 մլն եւ 3-15 մլն դրամ վարկերն են, վերջինս՝ մինչեւ 5 տարի մարման ժամկետով՝ հիմնական միջոցների համար, իսկ շրջանառու միջոցների համար՝2 տարի մարման ժամկետով, 1 տարի արտոնյալ պայմաններով:

Փոխնախարարի վստահեցմամբ՝ այս վարկատեսակից կարող են օգտվել շատերը, հատկապես այն ոլորտների դեպքում, որոնք ծրագրերով առանձնացված չեն. «Կարող են օգտվել սերմացուների ձեռքբերման համար, վարման աշխատանքների, ոռոգման համակարգերի, գյուղտեխնիկայի համար եւ այլն»:

Խոջոյանն ասաց, որ 11 բանկ եւ 7 վարկային կազմակերպություն են կառավարության աջակցության ծրագրի մաս կազմում, սակայն ամեն մի ծրագիր առանձին բանկ է սպասարկում:

Փոխնախարարն ասաց, որ այս ծրագրերը լավ հնարավորություն են նաեւ կոոպերատիվները զարգացնելու համար: Եթե կոոպերատիվն է դիմում վարկ ստանալու համար, ապա եւս հարկավոր է հատուկ դասընթաց անցնել ու հավաստագիր ստանալուց հետո դիմել վարկ ստանալու համար:

Քաղաքացիներն այլ մանրամասների համար կարող են դիմել նախարարությանը, զանգահարել 81-05, 041010523 հեռախոսահամարներով:

Փոխնախարարն ասաց, որ այս արտակարգ դրության ընթացքում կան բանկեր, որոնք սահմանափակ ռեժիմով են աշխատում, ընդունում հայտերը, բայց այս ընթացքում կարող են ընդունել հայտերն ու նախնական գնահատական տալ:

Ասուլիսին ներկա փոխնախարար Նաիրա Մարգարյանն էլ ի պատասխան լրագրողի՝ ներդրումների մասին հարցին, չասաց՝ կա՞ն օտարերկրյա այնպիսի ներդրողներ, որոնք դադարեցրել են իրենց գործունեությունը, բայց նշեց՝ ներդրումային նախագծերը ճգնաժամային իրավիճակով ոչ թե դադարեցնում են, այլ հապաղում. «Բայց լինում են նաեւ այնպիսի ներդրումային ծրագրեր, որոնք իրավիճակից ելնելով տեսնում են հնարավորություն եւ իրականացնում են դրանք»:

Բանախոսները նաեւ տեղեկացրեցին՝ եթե տրամադրված վարկերն ու օժանդակությունը ոչ նպատակային օգտագործվի, ապա դրանց պայմանները կվերանայվեն, հնարավոր է զրո տոկոս տոկոսադրույքը դառնա 14-16% տոկոս, կամ նույնիսկ վարկի վերադարձման պահանջ դրվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930