«Քաղաքական ակտիվ ժամանակահատվածում տարբեր գնահատականներ հնչեցին, մանավանդ վերջին օրը, երբ անհիմն մեղադրանքներ եղան: Դրանցից միայն մեկին անդրադառնամ՝ Շուշիում կատարվածին այն կնոջ նկատմամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ Շուշիի տեղամասերից մեկում գրանցված միջադեպին, երբ կինը լուսանկարել էր «Ազատ հայրենիք»-ի օգտին քվեարկված քվեաթերթիկները՝ ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց. «Թող ինքն ինձ ների, ես նրան վաղուց եմ ճանաչում, ափսոսում եմ, որ նրա նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունք ցուցաբերվեց: Չեմ ուզում կրկնել նրա խոսքերը: Այդ մարդուն ես եւ իմ թիմը կաշառելու եւ որեւէ քայլ անելու կարիք չունենք, որովհետեւ նա ինձ շատ հարազատ մարդ է: Չգիտեմ՝ միամտորեն, թե մտածված է այդ քայլը կատարել: Մեր փայլուն ընտրարշավը մի քանի մարդու նկարելու պատճառով կասկածի տակ դնելը չեմ համարում արդար»:
Ըստ Հարությունյանի՝ քարոզարշավի ժամանակ եւ դրանից առաջ փորձել են թիրախավորել «Ազատ հայրենիք» կուսակցությանը եւ դաշինքին՝ կասկածի տակ դնելով ողջ գործընթացը. «Ընտրությունների արդյունքների վրա որեւէ միջամտություն չի եղել, մնացածը թողնում եմ ժողովրդի դատին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից