Կարծիք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ
կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ
Մարտի 29-ին ՀՀ կառավարության կողմից Ազգային Ժողով (ԱԺ) է ներկայացվել «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքի նախագիծը (Կ-534-29.03.2020-ՊԻ-011/0):
Մարտի 30-ին կայացած արտահերթ նիստի շրջանակներում նշված նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից:
Սույն օրինագիծը Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության համատեքստում լուրջ սահմանափակումներ նախատեսող օրենքի փոփոխություններից հերթականն է: Օրենքի նախագծով նախատեսվում են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի լուրջ սահմանափակումներ:
Կարդացեք նաև
Մարտի 19-ին Հայաստանը ծանուցել է Եվրոպայի Խորհրդին ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակի ընթացքում Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից շեղում անելու կապակցությամբ: Նմանատիպ ծանուցում ներկայացվել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե:
Չնայած այն հանգամանքին, որ ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային կարգավորումներով մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը բացարձակ իրավունք չի սահմանվում, այնուամենայնիվ, պետությունը չի կարող կամայականորեն միջամտել այդ իրավունքի իրացմանը և կաշկանդված է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով: Նման պարագայում պետությունը պետք է զերծ մնա անհարկի սահմանափակումներ նախատեսելուց:
Միջազգային նորմեր
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում է, որ՝
• Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
• Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է
• ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև
անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։
Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, ի թիվս այլ իրավունքների, կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների:
Ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների միջազգային իրավունքով նախատեսված է, որ կիրառվող սահմանափակումները պետք է լինեն՝
• օրենքով նախատեսված,
• հետապնդեն իրավաչափ նպատակ,
• լինեն համաչափ և խիստ անհրաժեշտ,
• հիմնավորված գիտական հետազոտության արդյունքներով,
• կամայական կամ խտրական չլինեն,
• կրեն ժամանակավոր բնույթ,
• հարգեն մարդու արժանապատվությունը,
• ինչպես նաև բողոքարկման ենթակա լինեն:
Այդպես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու համար անհրաժեշտ է երեք գործոնի միաժամանակյա առկայությունը.
1.Սահմանափակումը պետք է նախատեսված լինի օրենքով,
2.Հետապնդի նշված հոդվածի երկրորդ մասով նախատեսված նպատակներից մեկը, այդ թվում` առողջության պաշտպանություն,
3.Գործածված միջոցները համաչափ պետք է լինեն հայտարարված նպատակին հասնելու համար:
Վերլուծելով առաջարկվող օրենքի նախագիծը՝ հանգում ենք այն եզրահանգման, որ թեև նախատեսվող սահմանափակման նպատակը համապատասխանում է Կոնվենցիայով սահմանված հիմքերին, առնվազն դրանցից մեկին՝ հանրային առողջության պաշտպանությանը, սահմանափակումը ֆորմալ առումով նախատեսված կլինի օրենքով, սակայն առաջարկված օրենսդրական կարգավորումները չեն բավարարում օրենքի որակին ներկայացվող պահանջներին և առաջարկվող միջամտության համաչափությունն ակնկալվող սահմանափակման համեմատ հիմնավորված չէ:
Օրենքի որակի պահպանում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասը պարզապես չի հղում ներպետական օրենսդրությանը, այն ուղղված է օրենքի որակի պահպանմանը՝ առ այն, որ օրենքը հիմնված լինի իրավունքի գերակայության վրա:
Անձի իրավունքների միջամտություն նախատեսող օրենքը պետք է լինի կանխատեսելի կիրառվող միջոցների նշանակության և բնույթի առումով: Սա ենթադրում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքների նկատմամբ հանրային իշխանության կամայական միջամտությունների իրավական պաշտպանության միջոցի առկայություն: Հատկապես, երբ գործադիրի իշխանությունը իրականացվում է գաղտնի, կամայականության վտանգն ակնհայտ է:
Հետևաբար, օրենքը պետք է լինի բավարար հստակ այն հանգամանքների ու պայմանների առնչությամբ, որոնց պարագայում հանրային իշխանությունն իրավասու է կիրառել գաղտնի և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի նախատեսվող լուրջ և վտանգավոր միջամտությունը:
Նախագծի ուսումնասիրությունը փաստում է, որ այն չի համապատասխանում օրենքի որակական պահանջներին՝ նախատեսվող մի շարք դրույթներ հստակ և որոշակի չեն:
Այսպես, նախագծով հստակեցված չէ անձանց վերաբերյալ ստացվող և մշակվող տվյալների շրջանակը: Նախատեսվում է, որ պետական կառավարման համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներից կարող են պահանջել, իսկ վերջիններս պարտավոր են տրամադրել տվյալներ համաճարակի հետևանքով հիվանդության առկայության համար ստուգված /թեստավորված/, վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և հիվանդի հետ շփում ունեցած /կոնտակտավոր/ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ:
Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ տվյալներ են պահանջվելու պետական կառավարման համակարգի մարմիններից և կազմակերպություններից վերոնշյալ անձանց վերաբերյալ, ավելին՝ անհստակ է, թե համաճարակի հետևանքով տարածված հիվանդության վերաբերյալ տեղեկատվությունից բացի բժշկական գաղտնիք պարունակող այլ ինչ տվյալներ կարող են պահանջվել և ստացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներից:
Առավել խնդրահարույց է նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով առաջարկվող այն դրույթը, որ վերոգրյալ տվյալները, այդ թվում՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալները, կարող են բացահայտվել երրորդ անձանց: Հաշվի առնելով բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության բարձր չափանիշները, նման կարգավորումը անիրավաչափ է, և անձի առողջությանը և մասնավոր կյանքին վերաբերող տվյալներ կարող են հասանելի դառնալ նման իրավասություն չունեցող անձանց լայն շրջանակի:
Հստակ ու որոշակի չէ այն անձանց շրջանակը, ում վերաբերյալ տվյալներ կարող են ստացվել և մշակվել: Մասնավորապես, նախատեսվում է ստանալ և մշակել հաճախորդի հետ ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի /միջնորդավորված/ կապ ունեցած հեռախոսահամարների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև թեստավորված, վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և հիվանդի հետ շփում ունեցած անձանց վերաբերյալ տվյալներ: Նման կարգավորումները թույլ են տալիս գեներացնել անսահմանափակ թվով անձանց վերաբերյալ տվյալներ, ինչը խնդրահարույց է անձանց մասնավոր կյանքի պաշտպանության տեսանկյունից:
Ավելին, նախագծով չեն սահմանում տվյալները մշակող մարմինները: Նախատեսվում է, որ դրանք կսահմանվեն արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ պետական մարմիններ և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց:
Այս հարցն օրենքով չկարգավորելու պայմաններում գործադիրն ունենում է անսահմանափակ և անվերահսկելի հայեցողություն որոշելու անձանց տվյալների հավաքման և մշակման իրավասություն ունեցող մարմինը, այդ թվում՝ ուժային կառույցների, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության կամ Ոստիկանության կողմից դրանց հասանելիությունը: Խնդրահարույց է նաև պետության կողմից ստեղծվող իրավաբանական անձանց անսահմանափակ շրջանակով անձանց մասնավոր կյանքի կարևորագույն ասպեկտների վերաբերյալ տվյալների հասանելիության տրամադրումը՝ հատկապես դրանց պահպանման և ոչնչացման կարգի անհստակության պայմաններում:
Ավելին, նախագծով չեն սահմանվում անձի իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ, այդ թվում՝ կիրառված միջամտության բողոքարկման հնարավորությունները և անձի իրավունքների դատական պաշտպանության երաշխիքները:
Նման պայմաններում, առաջարկվող կարգավորումները կրում են կամայականության դրսևորման լուրջ վտանգներ:
Միջամտության անհրաժեշտության հիմնավորում
Նախագծի հեղինակները որևէ կերպ չեն հիմնավորել առաջարկվող միջամտության արդյունավետությունը նվազ միջամտող միջոցների համեմատ համաճարակի կանխարգելման գործում՝ հատկապես հաշվի առնելով միջամտության լրջությունը:
Հատկանշական է, որ առաջարկվող միջոցների արդյունքում ակնկալվող տվյալների ճշգրտությունը վիճելի է. տեղորոշումը պարզելու տվյալները թույլ չեն տալիս հստակորեն և փոքր շառավղով հայտնաբերել անձի գտնվելու վայրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ վարակը կարող է փոխանցվել, եթե անձը գտնվել է վարակակիր անձին բավականին մոտ՝ 1-1,5մ հեռավորության վրա: Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ նման հեռավորության վրա գտնվող անձինք օգտագործեն հեռախոս՝ միմյանց հետ շփվելու համար:
Ավելին, այդ տվյալների համադրումը հեռախոսազանգերի մասին ստացված տվյալների հետ չի երաշխավորում կոնտակտավորներին բացահայտելու արդյունքը, և միևնույն ժամանակ մեղմացնում է հնարավոր շփումների շրջանակը՝ դուրս թողնելով այն անձանց, ում հետ հեռախոսակապի միջոցով շփում տեղի չի ունեցել:
Ոլորտի մասնագետները ընդգծում են, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների (հաճախորդի տեղորոշում), հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալի և նմանատիպ տվյալների պահանջը պետք է հիմնավորվի և ապացուցվի՝ հաշվի առնելով դրանց համաչափությունը վարակի կանխարգելման արդյունավետության համեմատ: Այն պետք է լինի համաճարակաբանորեն հիմնավորված և հիմնված գիտահետազոտական ապացույցների վրա:
Անգամ երբ հաճախորդի տեղորոշման տվյալների հավաքագրումը հիմնավորված է, այդ տվյալները կարող են լինել միայն անանուն ու ագրեգացված, որպեսզի կոնկրետ անձանց տվյալներ չբացահայտվեն: Դա կարող է պայմանավորված լինել անձանց շարժը դիտարկելու, կուտակումները ֆիքսելու անհրաժեշտությամբ:
Համաձայն Եվրոպայի խորհրդի՝ Անձնական տվյալների հարցով հանձնակատար Ժան-Ֆիլիպ Ուոլթերի և 108 կոնվենցիայի հանձնաժողովի նախագահ Ալեսանդրա Պիերուչիի համատեղ դիրքորոշմանը՝
«Անձնական տվյալների լայնածավալ մշակում կարող է տեղի ունենալ, երբ գիտական ապացույցներով հիմնավորված, նման թվային համաճարակային վերահսկողության հնարավոր հանրային առողջապահական օգուտը (կոնտակնտերի բացահայտում), այդ թվում դրանց ճշգրտությունը, ավելին են, քան ցանկացած այլ, նվազ միջամտող լուծում:
Հաշվետվողականություն և բողոքարկման իրավունք
Տվյալների մշակողները և տնօրինողները պետք է արձանագրեն ցանկացած որոշման կայացում, որի արդյունքում կատարվում է առանց անձի համաձայնության իր վերաբերյալ անձնական տվյալների մշակում:
Առաջարկվող փոփոխություններից հասկանալի չէ, թե ինչպես, ինչպիսի ընթացակարգով կարող է բողոքարկվի նման գործողությունը՝ հատկապես, որ անձին չեն տեղեկացրել իր վերաբերյալ անձնական տվյալների մշակման մասին:
Միջազգային փորձ
Որպես օրենքի նախագծի հիմնավորում` ներկայացվում են նաև որոշ երկրների փորձ, որոնք, ըստ հեղինակների, կիրառում են օրենքի նախագծում ներկայացված կարգավորումների նման մեթոդներ: Մասնավորապես, Կառավարությունը նշում է, որ «Ներկայումս 10-ից ավել երկրներ, այդ թվում` անձնական տվյալների պաշտպանության բավականին բարձր մակարդակ ունեցող եվրոպական երկրները, ևս անմասն չեն մնացել տեխնոլոգիական այս մեթոդին դիմելուց։ Մասնավորապես, նման երկրները, այդ թվում` ԱՄՆ, Հարավային Կորեա, Իսրայել, Սինգապուր, Ավստրիա, Լեհաստան, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, կիրառում են անձանց հեռախոսները` կորոնավիրուսային պանդեմիային հետևելու և դրա զանգվածային տարածումը կանխելու նպատակով»: Հիմնավորումներում նշվում է նաև, թե «Եվրոպական միությունը գնալու է այն ճանապարհով, ինչ ասիական երկրները` օգտագործելով բջջային հեռախոսի տվյալները կորոնավիրուսի տարածմանը հետևելու և կանխարգելման համար»:
Սակայն, Կառավարությունը որպես օրինակ բերված երկրների փորձը ներկայացնում է ոչ ամբողջական՝ որոշ դեպքերում պետություններում հնարավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ քննարկումները ներկայացնելով որպես արդեն իսկ գործող կարգավորումներ և հիմնականում հղում կատարելով լրատվական միջոցներում առկա տեղեկատվությանը և ոչ իրավասու մարմինների կողմից հրապարակված պաշտոնական տեղեկատվությանը:
Մասնավորապես, Կառավարության ներկայացրած՝ ԵՄ երկրներից ոչ մեկը որոշում չի կայացրել կիրառել այնպիսի մեթոդներ, ինչպիսին առաջարկվում է օրենքի նախագծով: Ինչպես տեղեկացվում է ԵՄ Եվրոպական հանձնաժողովի կողմից, հաղորդակցության օպերատորների հետ քննարկվել է ապաանձնավորված տվյալների փոխանակման հնարավորությունը՝ մոդելավորումներ իրականացնելու և համաճարակի տարածումը կանխատեսելու նպատակով: Սա որևէ կերպ չի նշանակում, առաջին, որ արդեն իսկ առկա է համաձայնություն այդ գործողությունները իրականացնելու համար, և երկրորդ, որ տվյալների ցանկացած փոխանակում կարող է ենթադրել անձի ինքնության և նրա շփումների շրջանակի բացահայտում: Եվրոպական հանձնաժողովը միևնույն ժամանակ կոչ է անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և ընդգծում, որ ցանկացած որոշում և նախագիծ հիմնված է լինելու ԵՄ ընդհանուր տվյալների պաշտպանության
կանոնակարգի և էլեկտրոնային անձնական տվյալների վերաբերյալ (e-Privacy) օրենսդրության վրա, իսկ անձանց ինքնությունը չի բացահայտվելու:
Նմանատիպ մոտեցում է որդեգրել նաև Մեծ Բրիտանիան: Թեև դեռևս պաշտոնական որևէ տեղեկություն առկա չէ հաղորդակցության օպերատորների հետ ձեռք բերված կոնկրետ համաձայնության մասին, Մեծ Բրիտանիայի՝ Տեղեկատվության հանձնակատարի գրասենյակի կողմից տրվել են պարզաբանումներ անձանց տեղաշարժի մասին տվյալների ստացման վերաբերյալ, ըստ որի՝ կարող են օգտագործվել միայն ապաանձնավորված և ընդհանրացված տվյալներ, չի բացահայտվի անձանց ինքնությունը:
Որպես օրինակ բերված երկրների շարքում Կառավարությունը ներկայացնում է նաև Ասիայի մի շարք երկրներ: Սակայն պետք է նշել, որ այդ երկրները կաշկանդված չեն մարդու իրավունքների վերաբերյալ վերը նշված սկզբունքներով: Ավելին, Իսրայելում և Սինգապուրում ձևավորված հավելվածների օգտագործումը հնարավոր է միայն օգտագործողների կողմից իրենց ցանկությամբ հավելվածները ներբեռնելով, իսկ նրանց տեղաշարժի վերաբերյալ տվյալները արձանագրվում են միայն հավելվածը ներբեռնելուց հետո: Հատկանշական է նաև, որ Իսրայելում գործող հավելվածն (HaMagen) օգտագործելիս անգամ այն դեպքում, երբ հավելվածը օգտագործողին ծանուցում է օգտագործողի և հաստատված վարակակրի միջև հնարավոր կապի մասին, օգտագործողը կարող է իր ընտրությամբ այդ մասին տեղեկացնել Առողջապահության նախարարությանը, իսկ եթե կարծում է, որ հավելվածով ծանուցումը սխալ է, կարող է այն մերժել:
Տվյալ պարագայում, ներկայացված նախագծի հիմքում չի դրվել գիտական որևէ ուսումնասիրություն, որը ցույց կտար ընտրված միջոցի անհրաժեշտությունն ու առավել նվազ միջոցների կիրառման անարդյունավետությունը: Մասնավորապես, չի հստակեցվում, թե ինչու է անհրաժեշտ ֆիքսել ոչ միայն խոսակցության վայրը, այլ նաև ինքնին խոսակցությունը: Ըստ այդմ ընտրելով վերահսկողության առավել լայն շրջանակ:
Վերոգրյալից բխում է, որ Կառավարության ներկայացրած նախագիծը արդարացված չէ ոչ միայն մարդու իրավունքների վերաբերյալ գործող սկզբունքների ենթատեքստում, չի ապահովում իրավաչափության և համաչափության սկզբունքները, այլև չի հիմնավորվում այն երկրների փորձով, որոնք ի հիմնավորում նախագծի՝ ներկայացնում է Կառավարությունը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ