Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը պետք է համոզվի, որ երեխաների առողջությունը հուսալի ձեռքերում է. «Ժամանակ»

Ապրիլ 01,2020 12:34

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշում է, որ արտակարգ դրության օրերին ստացել են բողոքներ, որոնք արձանագրում են խախտումներ։

«Կարծում եմ, որ հիմա մանկական հաստատություններին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել։ Երեխան մանկապարտեզում ուտում է սնունդը, այդ սննդից պետք է պահվի, որպեսզի անհրաժեշտության դեպքում պարզվի, թե նա ինչից է վատ զգում։ Այդ բանը չի արվում տարիներ շարունակ, ամեն տեղ ասել եմ այդ մասին՝ ընդհուպ վարչապետի աշխատակազմում։ Հասարակությունը պետք է համոզվի, որ երեխաների առողջությունը հուսալի ձեռքերում է։ Եթե երեխայի փորը ցավում է, նրան տանում են հիվանդանոց, պետք է սնունդը լաբորատոր ստուգեն։ Դեպք է եղել, երբ 2,5 տարեկան աղջիկը մանկապարտեզից հիվանդանոց ընկած ճանապարհին մահացել է։ Երբ ես այդ մասին ասացի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր մասնագետին, նա ասաց՝ կարող է ուրիշ բանից է մահացել։ Եվ այդպիսի մարդիկ ղեկավարում են բոլորիս առողջությունն ու կյանքը»,- ասաց Արմեն Պողոսյանը։

Խախտումների վերաբերյալ Արմեն Պողոսյանը նշեց, որ իրենք չեն արձանագրում, թե դրանք որ խանութներում են եղել, սակայն շատացել են բողոքները։ Ըստ նրա՝ օրական 3-5 բողոք է ստանում։ «Բողոքում են, որ փողը տալիս են նույն ձեռնոցով, որով կշռում են ուտելիքը։ Այդ կարգի բողոքներ ստանում եմ հաճախ։ Ինձ դիմող մարդկանց ես խորհուրդ եմ տալիս դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, թող այնտեղ հաշվառում անեն։ Իրենց մոտ պետք է լինի հաշվառումը, թե քանի բողոք են ստացել և ինչ են արել»,- ասաց մեր զրուցակիցը։

Բողոքները, ըստ նրա, լինում են երկու տեսակի։ Մեկը վերաբերում է հակահիգիենիկ պայմաններին, մյուսը, երբ սնունդը ժամկետանց է լինում, կամ ամսաթվերը հստակ նշված չեն լինում։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930