Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել է ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերին գազի գինը Հայաստանի սահմանին նվազեցնելու համար՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքը:
Միաժամանակ, Մհեր Գրիգորյանը նաև խոսել է այն մասին, որ գազի գնի նվազեցումը բխում է երկկողմ սերտ, ռազմավարական հարաբերության տրամաբանությունից: Մհեր Գրիգորյանը նաև բարձրացրել է գազի գինը ազգային արժույթով վճարելու հարցը:
Այդուհանդերձ, թե որ գինն է Հայաստանի համար օպտիմալ և տնտեսության տեսանկյունից իրատես նշանակալի օժանդակություն, բարձրաձայնված չէ: Դա նաև հասկանալի է, որովհետև, ի վերջո, հարցը պետք է բանակցվի: Ամբողջ հարցն այս դեպքում այն է, թե որն է Հայաստանի բանակցային հաղթաթուղթը, որը թույլ կտա գազի հարցում վարել բանակցություն, որտեղ Հայաստանի տնտեսությունը կստանա ոչ միայն, այսպես ասած, «լավություն» կամ «մեծահոգություն» Ռուսաստանից, այլ իրապես միջպետական բանակցության արդյունքում ձեռք բերված համաձայնություն: Իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ Ռուսաստանի համար էլ պարզ է լինում, թե ինչ կարող է կորցնել Հայաստանի հետ գազի գնի նվազման հարցում արդյունավետ, ներկայիս կոնյունկտուրային համարժեք պայմանավորվածության չգալու պարագայում: Այստեղ առերևույթ, իհարկե, ուժերի հարաբերակցությունը թվում է անհամադրելի, անհամեմատելի, մյուս կողմից, սակայն, պետք է հարցը դիտարկել լայն համատեքստում, և այդ իմաստով Ռուսաստանը կարող է կորցնել նոր աշխարհակարգում կարևոր գործընկեր և անգամ դաշնակից՝ ի դեմս Հայաստանի, եթե ներկայիս բարդ իրավիճակում անտեսվում են հայկական շահերը, և էժան գնի դիմաց դրվում են քաղաքական լուրջ պայմաններ:
Այստեղ, անշուշտ, շատ կարևոր է նաև, թե Հայաստանը որքանով արդյունավետ կարող է ներգրավել գործընթացում իրանական գործոնը:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: