Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն դեպքում՝ թղթի կտոր

Ապրիլ 01,2020 10:00

Մարդկանց հաղորդակցության եւ տեղաշարժի մասին համատարած անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը երեկ Ազգային ժողովում երկրորդ փորձով ընդունվեց: Մեր իշխանությունը սովորություն չունի հրաժարվելու իր գաղափարներից, եթե անգամ դրանք, մեղմ ասած, փայլուն չեն:

Երբ կեսօրին այդ օրինագիծը չանցավ՝ երեկոյան ընդդիմության բացակայությամբ գումարվեց ԱԺ նոր արտահերթ նիստ, իշխանությունը մոբիլիզացրեց իր բոլոր պատգամավորներին, եւ նախագիծն անցավ: Եթե իշխանությունն անկեղծ է եւ համոզված է, որ անձնական տվյալներ հավաքագրելով Հայաստանում (շեշտեմ՝ Հայաստանո՛ւմ) հնարավոր է դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը, այս օրենքը կլինի պարզապես թղթի կտոր. արդարադատության նախարարի բացատրություններից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես եւ ում կողմից է այդ օրենքը կիրառվելու: Եթե իշխանությունն անկեղծ չէ եւ այդ օրենքով քաղաքական նպատակներ է հետապնդում, ապա դրանով նա պայքարում է կորոնավիրուսի սոցիալ-քաղաքական հետեւանքների հետ:

Ես հակված եմ առաջին տարբերակին, եւ նույնիսկ այս դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ հավաքագրված տվյալները հասանելի չեն լինի անբարեխիղճ, քաղաքական նպատակներ ունեցող մարդկանց եւ, ինչու չէ, նաեւ օտարներին:

Կարծում եմ, ոչ ոք չի վիճի, որ այս արտակարգ իրավիճակում անհրաժեշտ են շատ վճռական եւ շատ կոշտ քայլեր, նաեւ՝ այնպիսի քայլեր, որոնք սահմանափակում են մարդկանց քաղաքացիական ազատությունները: Բայց, մյուս կողմից, քայլեր, որոնք ա/ կիրառելի են, եւ բ/ որեւէ արդյունք կտան:

Իշխանության կողմից բերվող օրինակները՝ Իսրայել, Հարավային Կորեա, Չինաստան, կոռեկտ չեն: Առաջին երկու դեպքում տվյալները հավաքագրվում են՝ մարդկանց հավելյալ տեղեկատվություն տրամադրելու, զգուշացնելու համար՝ թե, հարգելի քաղաքացի, այդ միջավայրը քեզ համար կարող է վտանգավոր լինել: Չինաստանում, այո, կիրառվում է հենց այն, ինչ առաջարկում է մեր կառավարությունը՝ անձնական տվյալներ իմանալով, մարդկանց հետապնդել եւ պատժել:

Բայց Հայաստանը Չինաստան չէ ոչ միայն ազգային մենթալիտետների տարբերության պատճառով: Չինաստանի պետական համակարգը մի մեխանիզմ է, որը տասնամյակներով մշակված է հենց հետապնդելու եւ պատժելու նպատակներին ծառայելու համար: Մենք այդպիսի մեխանիզմ չունենք: Եթե ունենայինք, ապա որքան էլ ցինիկ դա հնչի, ես դեմ չէի լինի, որ այս հանգամանքներում այն կիրառվեր՝ մարդկային կյանքերը փրկելու համար: Բայց քանի որ չկա, նման օրինագծեր գրելը, լավագույն դեպքում, անպտուղ մտավարժանք է: «Թիթեռ նկարել է»՝ ինչպես ասաց ընդդիմադիր պատգամավորներից մեկը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Հայաստանն, իհարկե, Չինաստան չէ, սակայ Փաշինյանի կառավարման եղանակն այնքան էլ չի տարբերվում չինականից:

  2. Արթուր says:

    Օրենքի այս լրացումը նույն շարքից է ինչ որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն էր (copy/past հարևան երկրից և 0 արդյունք, իսկ ինչ հոդվածներով որ ձերբակալվեցին քրեականները վաղուց կար օրենսգրքում):
    Իհարկե ողջունելի, երբ է պայքարում ես գաղափարների համար, բայց ամեն ինչ ողջամտության մեջ․․․․ թե՞ հարկատուների գումարները ծախսելու ասպարեզ էլ չկա
    Եվ ընդանրապես, էկզոտիկ և խուճուճ մտքերը ավելի դժվար է տեղայնացնել, քան նոր մտքեր ստեղծելը․․․ չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե ծրագիրը առողջ մարդու տվյալներ գրանցի իր կապերով հանդերձ 🙁

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930