Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ուներ Գագարինը Ելիզավետա թագուհու, Ջինա Լոլոբրիջիդայի եւ Պիեխայի հետ

Ապրիլ 01,2020 12:30

52 տարի առաջ մարտ ամսին Յուրի Գագարինի անունը թնդաց աշխարհով մեկ՝ որպես առաջին տիեզերագնաց:

Ըստ kulturologia.ru-ի, նա ոչ միայն բարձրակարգ մասնագետ էր, այլեւ շփվող մարդ, եւ նրան ժամանակին սիրահարված են եղել գեղեցիկ կանայք՝ ոչ միայն ԽՍՀՄ տարածքից, այլեւ արտասահմանից:

Գագարինի անունը կապվում է Էդիտա Պիեխայի, Սվետլանա Սվետլիչնայայի, անգամ Ջինա  Լոլոբրիջիդայի հետ: 1951թ., երբ Մոսկվայում բացվեց միջազգային կինոփառատոնը, Գագարինը  դարձավ միջոցառման պատվավոր  հյուրերից մեկը, որի ժամանակ նրա հետ ծանոթացան մի շարք  հայտնի մարդիկ:


Հյուրերի թվում էր նաեւ իտալացի լեգենդար դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան: Երբ վերջինս ժամանում է Մոսկվա, նրան հարցնում են, թե ում հետ կցանկանա հանդիպել:

«Նրանք ինձ տվեցին Խրուշչովի անունը, բայց ես Եկատերինա Ֆուրցեւային (ԽՍՀՄ մշակույթի նախարարին-Գ.Հ.) ասացի, որ ուզում եմ միայն Յուրի Գագարինի հետ հանդիպել……Նա ժպտաց ու համաձայնության նշան արեց: Երբ մենք Յուրայի հետ քայլում էինք գիշերային Մոսկվայով, նա ինձ նվիրեց իր լուսանկարը, որի հաջորդ  երեսին նման գրություն կար՝ ես բազմաթիվ աստղեր եմ տեսել երկնքում, բայց նրանցից որեւէ մեկը չի փայլել  քեզ նման: Ես պահպանում եմ այդ լուսանկարն ու նրա ստորագրությունը, որը հաճախ եմ համբուրում»,-մի առիթով խոստովանել է Ջինա Լոլոբրիջիդան:

Թեեւ արտասահմանում լուրեր էին պտտվում, որ դերասանուհու ու տիեզերագնացի միջեւ սիրավեպ է ծնվել եւ իբր նրանք  մի քանի անգամ հանդիպել են նաեւ «դրսում», իրականում դրանք  ասեկոսեներ էին, քանի որ Մոսկվայում կայացել է նրանց առաջին ու վերջին հանդիպումը:

Գագարինի կնոջը՝ մասնագիտությամբ բուժքույր Վալենտինա Գորյաչեւային այլ բան չէր մնում, քան հաշտվել ամուսնու հանդեպ եղած այլ կանանց հետաքրքրությունների ու սիրառատ հայացքների հետ: Գագարինը որտեղ հայտնվում էր, նրան սկսում էին շրջապատել աղջիկները, անգամ նրա զգեստներից կոճակներ էին պոկում՝ որպես հիշատակ: Նույնն էլ Գագարինի հետ արտասահմանում էր պատահում: Օրինակ, Մեծ Բրիտանիա այցի ժամանակ, ամբոխը ճեղքելով, նրան մոտեցավ Օլիվիա Բրայդենը եւ համբուրեց Գագարինի այտը, անգամ  այդ միջադեպի լուսանկարները կան:

Գագարինը  ճաշի հրավիրվեց Բուքենհեմյան պալատ՝ Ելիզավետա Երկրորդի կողմից: Ծնված լինելով գյուղական ընտանիքում՝  նա մի պահ շփոթվում է սեղանի շուրջ, քանի որ ծանոթ չէր բարձրաշխարհիկ էթիկետի նրբություններին ու չգիտեր ինչպես օգտվել սպասքից: Տիեզերագնացը մի առիթով խոստովանել է, որ ստիպված մի փոքր խորամանկել է: Սալաթը գդալով լցնելով իր ափսեի մեջ՝ ասել է. «Պարոնայք, առաջարկում եմ այս անգամ ռուսավարի ուտել, ավելի ճիշտ՝ գագարինավարի»:

Թեյի ժամանակ էլ Գագարինը կիտրոնը հանել է բաժակից ու սկսել ուտել, ինչից ներկաները ապշել են: Ասում են՝ նրան «փրկելու» համար թագուհին էլ է հետեւել նրա օրինակին:

Գագարինի եւ Էդիտա Պիեխայի սիրավեպի մասին եւս շատ է խոսվել: Երգչուհին խոստովանել է, որ  ամուսինը շատ էր խանդում Յուրի Գագարինին: Սվետլիչնայայի ու տիեզերագնացի կապի մասին էլ շատ է խոսվել: Դերասանուհին ասել է, որ իրենք միմյանց ընդամենը համակրել են եւ ինքը պատահաբար հայտնվել է Չիլի մեկնողների պատվիրակության կազմում, որտեղ նաեւ Յուրի Գագարինն էր:

Պատրաստեց

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարները՝ kulturologia.ru կայքից:

«Առավոտ» օրաթերթ
31.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930