Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կորոնավիրուսը կնահանջի մայիսին»

Ապրիլ 01,2020 13:00

Հարցազրույց էքստրասենս Նելլի Սահակյանի հետ

– Դուք օժտված եք էքստրասենսոր ունակություններով, բայց ձեր ու գործընկերների գոյությունը գիտականորեն հաստատված չէ։ Այդուհանդերձ, էքստրասենս անվանում են մարդկանց, ովքեր հայտարարում են, որ օժտված են էքստրասենսոր ունակություններով։ Ինչպե՞ս է ձեզ մոտ արտահայտվում նման օժտվածությունը։

– Ես տեսնում եմ, զգում, լսում, երբեմն նաեւ հոտառությամբ «ընթերցում» մարդկային ճակատագրերը։

– Այսօր ոչ միայն մենք, այլեւ ամբողջ աշխարհն է տառապում նոր կորոնավիրուսից։ Հետաքրքիր է՝ ստեղծված իրավիճակը դուք տեսե՞լ էիք, զգացել կամ կանխորոշել, քանի որ ձեր «ծառայությունների մատուցման» ցանկում է նաեւ հիվանդությունների «ախտորոշումը»։

– Այո, 2019թ. աշնանը զգացել եմ, որ 2020-ը լինելու է մարդկության համար դժվար շրջան, բայց ոչ թե վիրուսի, այլ ապրելակերպի, տնտեսական վատթարացման շրջան։ Այդ մասին ես հայտնել եմ շրջապատիս։ Շատերը այս արհավիրքը կապում են Աստծո հետ, մինչդեռ կորոնավիրուսը աստվածային պատիժ չէ, այլ մարդկային գործոն՝ քաղաքական նպատակներ հետապնդող՝ թուլացնել որոշ պետությունների տնտեսությունը։ Իսկ մարդկության համար այդ աղետը դարձի գալու, իրենց արարքները վերլուծելու ու գնահատելու շանս է։

– Ձեր խոսքերով՝ դժվար շրջանի ավարտը տեսնո՞ւմ եք։

– Յուրաքանչյուր փորձություն՝ լինի դա մարդկային գործոնով պայմանավորված, թե երկնային ուժերի, ունի տրամաբանական ավարտ։ Ստեղծված վիճակն ավելի շուտ կավարտվի, եթե մարդկությունը համախմբված աղոթք անի ամեն օր։ Նման ճանապարհով դրական էներգիա կուղարկի առ Աստված ու կստանա Աստծո ողորմությունը։

Այսօր բնությունը ծանրացած է մարդկային բացասական արարքներից ու մտքերից։ Հենց դա էլ մի պատճառ է, որ երբեմն հանգում ենք նաեւ այսպիսի իրավիճակների։ Այլ կերպ ասած՝ օրինակ, երբ մարդը թույլ իմունիտետ է ունենում, հիվանդանալու, վարակվելու հավանականությունն ավելի շատ է լինում։ Նույնն է եւ բնությունը. ինչքան վերջինս ու մարդկային հոգին մաքուր լինեն, այնքան անխոցելի կլինենք։ Պարզ ասած, եթե մենք ճիշտ ձեւով պայքարենք, ինչպես նշեցի, ապա այս ամենը կնահանջի։ Ըստ իս՝ 5-րդ ամսին՝ մայիսին։ Ասածս վերաբերում է Հայաստանին։

– Կրկնվեմ գուցե, բայց էքստրասենսոր ունակություններով օժտված մարդկանց գոյությունը գիտականորեն հաստատված չէ։ Չնայած ժամանակին, օրինակ, Վանգայի խորհուրդները լսելու համար նրան էին դիմում բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ձեզ դիմո՞ւմ են։

– Գիտե՞ք, գիտնականները կամ գիտությունը հիմնված է շոշափելին տեսնելու վրա։ Մեր ուժը, կրկնում եմ՝ ի վերուստ է, աստվածային, ինչը, բնականաբար, ենթակա չէ ոչ շոշափման եւ ոչ էլ տեսնելու։

– Իսկ ձեր ունակությունները ե՞րբ ի հայտ եկան։

– Մոտավորապես 13-14 տարեկանում, դա 2002-03 թվականներն էին։ Այդ ժամանակ առաջին անգամ տեսա սրբի, որն ամեն երեկո՝ գիրքը ձեռքին, տեսիլքի պես հայտնվում էր։ Նա ինձ  հետ չէր խոսում, թերթում էր գիրքը եւ աղոթում։ Դա տեւեց շուրջ մեկ տարի։ Իսկ հետո, տարիների ընթացքում ինֆորմացիա էի ստանում շուրջս կատարվելիք դեպքերի, իրադարձությունների մասին… Եվ արդեն հասկացա, թե ինչում է իմ առաքելությունը։

– Հետաքրքիր է՝ դուք մեր հեղափոխության առիթով ինֆորմացիա ստացե՞լ էիք։

– Այո, թույլ տվեք չմանրամասնել եւ ընդամենն ասել. եկել էր ժամը հայաստանյան գլոբալ փոփոխությունների։

– Տեսել էիք հենց Նիկոլ Փաշինյանի՞ն։

– Ոչ։ Գիտեի, որ պետք է լինի մի հզոր ուժ, որն ի վիճակի կլինի փոխելու մեր երկրում ստեղծված ծանր, ինչու ոչ՝ լարված դրությունը։ Եվ այդ միսիան բաժին հասավ Փաշինյանին։

– Ձեր գործունեության մասին այսօր շատե՞րը գիտեն։

– Հիմա արդեն՝ այո։ Հիմնականում ինձ դիմում են տարբեր խնդիրներով, մեծամասամբ՝ անձնական ու առողջական։ Դիմել են նաեւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

– Չե՞ք բարձրաձայնի՝ այսօրվա պաշտոնյաներից ովքեր են դիմել։

– Դիմել են հիմնականում այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը ընտրվեց վարչապետ։ Կներեք, որեւէ անուն չեմ բարձրաձայնի։

– Վերադառնանք կորոնավիրուսին. արտասահմանյան լրատվամիջոցներում վերջերս հաճախակի են դարձել մասնագետների կարծիքները, թե այս չարիքը երկրորդ շրջան էլ է ունենալու։

– Ես ինքս չեմ տեսնում նման բան։ Կրկնում եմ՝ մեզանից շատ բան է կախված, ավելի ճիշտ՝ ճիշտ հաղթահարում։ Պետք է ասեմ նաեւ, որ ի վերջո մարդկության հոգեբանության ու մտքերի մեջ վիրուսն ավելի շատ է, ինչն ավելի վտանգավոր է։ Իսկ դա նշանակում է, որ հեռացել ենք Աստծուց, կորցրել աստվածավախությունը։ Ընդմիշտ պետք է հասկանալ, որ մարդկային շուրթերից ելնող խոսքը տրված է առաջին հերթին աղոթելու եւ ոչ թե չարախոսելու համար։ Յուրաքանչյուր չարիք ծնունդ է առնում սիրո պակասից։

– Էքստրասենսոր ունակությունը ձեր եկամտի միա՞կ աղբյուրն է։

– Ուսանել եմ Երեւանի պետական համալսարանում, ձեռք բերել իրավաբանի մասնագիտություն։ Ընդհանրապես կարելի է ասել, որ եկամտիս միակ աղբյուրն է։

– Երբ դիմում են ձեզ, դո՞ւք եք գումարի չափ առաջարկում։

– Եղել են եւ լինում են դեպքեր, որ մարդը շատ  ունի օգնությանս կարիքը։ Նման դեպքերում ոչինչ չեմ ակնկալում։ Ի վերջո, դրամը էներգիայի փոխանակման միջոց է եւ կորցրած էներգիայի վերականգնման տեսակ։

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հ.Գ. Մեր զրույցի ընթացքում էքստրասենսը զանգ ստացավ, որով ծնողը շնորհակալություն էր հայտնում, որ վախից խոսելու դժվարություններ ստացած երեխայի մոտ դրական փոփոխություններ կան։ Էքստրասենսն էլ պատասխանեց, որ պատրաստ է շարունակել նրա հետ աշխատանքը, մինչեւ լիարժեք առողջանալը։

«Առավոտ» օրաթերթ
31.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրաչ says:

    Ո՞նց կարող ենք կապ հաստատել իր հետ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930