Վերջին օրերին ժամանակ առ ժամանակ մտահոգություններ են հնչում, թե Հայաստանում կորոնավիրուսի թեստի պակաս կա: Մարտի 26-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսին վստահեցրել է, որ Հայաստանը չունի վարակի հայտնաբերման թեստերի պակաս, եւ շարունակում է դրանք ձեռք բերել: Նույն բանը նախարարն ասել էր այս հայտարարությունից մեկ օր առաջ, Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավորի հարցին:
Սակայն, «Առավոտ» օրաթերթը երեկ արդեն մոտ երկու շաբաթ մեկուսացման մեջ գտնվող մի քանի քաղաքացիներից ահազանգ ստացավ: Նրանք վստահեցրին, որ երեկ հսկող բուժանձնակազմը իրենցից թեստի համար փորձանմուշ չի վերցրել, մինչդեռ ավելի վաղ նրանց հավաստիացրել էին, որ մեկուսացման 13-14-րդ օրը թեստավորում կանցնեն, ու ըստ այդմ էլ կորոշվի՝ շարունակեն մեկուսացումն ու բուժումը, թե՞ տուն կգնան:
Օրերն ու ժամերը հաշվող այս քաղաքացիներն անհամբեր սպասում էին թեստավորման օրվան, սակայն հենց այդ օրը եկավ, պարզվեց, որ մի քանի օր էլ կհետաձգվի բաղձալի օրը:
«Մեզ դեռ այստեղ բերելու առաջին օրն ասացին, որ 13-14 օրը կոկորդից եւ քթանցքից անալիզ են վերցնելու, որպեսզի վերջնական կամ դրական կամ բացասական պատասխանը տան: Բայց բուժաշխատողն ինձ ու մի քանիսին երեկ ասել է, որ չեն կարող վերցնել, թեստերը քիչ են, եւ խնայողաբար են օգտագործում: Ես քանի որ համեմատաբար լավ էի եւ ռիսկի խմբում չէի, իմ թեստավորումը մի քանի օրով հետաձգեցին: Ուղղակի արդեն 14 օրն անցնում է, հասկանանք՝ ե՞րբ կլինեն թեստերը, եթե պակաս կա, ե՞րբ խմբաքանակը կգա, ե՞րբ տուն կգնանք»,-ասաց մեկուսացման մեջ գտնվող քաղաքացին:
Կարդացեք նաև
Մեզ դիմած մեկուսացված քաղաքացիները ոչ թե դժգոհություն էին հայտնում, այլ՝ մտահոգություն, նշելով. «Մի քիչ նեղվածք է, մի քանի հոգով նույն փոքր սենյակում ենք, բայց մենք հասկանում ենք, որ այլ կերպ հնարավոր էլ չէր: Չենք տրտնջում, ուղղակի ուզում ենք հնարավորինս շուտ տուն գնանք: Էս սպասումը՝ թեստ հանձնել, պատասխանի սպասել, սթրեսային է»:
Սյս խնդրի առնչությամբ «Առավոտ»-ի հարցմանն ի պատասխան, առողջապահության նախարարությունից պարզաբանեցին. «Ներկա պահին առողջապահության նախարարությունն ապահովված է կորոնավիրուսային հիվանդության հետազոտման թեստերով` շուրջ 7000 քանակությամբ: Առաջիկայում կստանանք նաեւ մեծ խմբաքանակ»:
Թե ինչո՞վ է պայմանավորված այս քաղաքացիների թեստավորման հետաձգումը, մեր այս հարցին էլ ի պատասխան նախարարությունից վստահեցրին՝ օրական թեստավորումն իրականացվում է լաբորատորիայի թողունակությանը համապատասխան: Այսինքն, որքան, որ կարող է լաբորատորիան թեստավորումն իրականացնել, այդ քանակի էլ նմուշ են վերցնում: Իսկ մեկ թեստի վերջնական պատասխանի համար, ինչպես նախարարությունից ասացին, 5-7 ժամ ժամանակ է պետք, ու ծավալուն աշխատանք: Ընդ որում, թեստի հետազոտությունը կատարվում է մեկ լաբորատորիայում՝ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում:
Նույն կենտրոնի տվյալներով, մարտի 29-ին թեստավորվել է 220 քաղաքացի, որից 162-ի պատասխանը բացասական է, 58-ինը՝ դրական, իսկ մարտի 28-ին ավելի շատ՝ 271 թեստ, որից 52-ը հաստատված դեպքերն են, 2-ը՝ բուժվածներ, մնացածը՝ բացասական, մարտի 27-ին՝ 255 թեստավորում, որից 43-ը հաստատված դեպքերն են:
Այս տվյալները հրապարակվում են օրը մեկ անգամ, առավոտյան, ուշ երեկոյան լաբորատորիան հետազոտման արդյունքներն ամփոփում է ու հաջորդ օրը դրանք պաշտոնապես հրապարակում են:
Ըստ այդ, մարտի 30-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի, ընդհանուր թեստավորվել են 2698 քաղաքացի: Հիշեցնենք, որ երեք մահ է գրանցվել:
Արսեն Թորոսյանն օրեր առաջ, ասուլիսին չկարողացավ նշել, թե երբ կարող է լինել համավարակի տարածման պիկը, նաեւ նշեց, որ չի կարող պնդել, որ բոլոր անձինք բացահայտված են եւ ամեն ինչ վերահսկվում է:
Ենթադրվում է, որ առաջիկա օրերին կորոնավիրուսային կասկածներով անձանց թիվն ավելանալու է, հետեւաբար նաեւ՝ թեստավորման կարիք ունեցողների թիվը: Բայց Թորոսյանն ասել էր, որ գուցե կգա մի օր, եւ համաճարակաբանական ցուցումով այլեւս չեն թեստավորի, այլ միայն բժշկական ցուցումով կդնեն՝ երբ հիվանդացության աշխարհագրությունն ու դեպքերի թիվը մեծանա:
Եթե այս ամենը նկատի ունենանք, հնարավոր է թեստերն իսկապես խնայողաբար են օգտագործում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.03.2020