Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը մանրամասն բացատրում է, թե ինչպես են հեռախոսային տվյալներով ու տեղորոշմամբ գտնելու վարակակրի հետ շփված անձանց

Մարտ 31,2020 23:45

«Այն լուծումները, որոնք հիմա տրվում են, միտված են մեկուսացման ու կանխարգելման աշխատանքներն ավելի էֆեկտիվ դարձնել»,- ԱԺ-ում արտահերթ նիստում հայտարարեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ն արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ քննարկեց, քվեարկեց ու ընդունեց առավոտյան տապալված աղմկահարույց օրենքի նախագիծը, որը վերաբերում է հեռախոսային տվյալների վերահսկողությանը:  Նախագծին կողմ քվեարկեց «Իմ քայլի» 71 պատգամավոր, ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես եւ առաջին ընթերցման ժամանակ, չէին մասնակցում:

Տիգրան Ավինյանը մանրամասն բացատրեց, թե ինչի համար է իրենց պետք հեռախոսային տվյալների վերահսկողությունը. «Անձանց տեղորոշման ինֆորմացիան, որը պահպանվում է հեռախոսային օպերատորների մոտ, եւ որն ամբողջական անձնավորված է ու շատ երկար ժամանակի համար, ինչպես նաեւ ունեն հեռախոսազանգերի ամբողջական ցանկը տվյալ հեռախոսի հետ կապված, մեզ տալու են մեկ, բայց շատ կարեւոր տեղեկատվություն՝ տեղորոշել այն անձանց, ովքեր շփվել են վարակակիրների հետ: Երբ որ մեզ համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների բազայից տեղեկատվություն է հասնում, որ որեւէ անձ վարակակիր է, համակարգը ավտոմատացված ռեժիմով վերլուծելով տվյալ անձի վերջին 14 օրերի տեղադիրքերը, վերլուծելով վերջին օրերին նրա ունեցած հեռախոսազանգերը եւ այս տվյալները միակցելով իրար՝ տալիս է ամենահավանական ցանկը, ովքեր վարակակրի հետ ունեցել են շփում: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը, ով նստած է կառավարության 5-րդ հարկում՝ իմ սենյակի հարեւանությամբ, զանգահարելու է տվյալ անձին ու րոպե առաջ, վայրկյան առաջ տեղեկացնի, որ տվյալ անձը շփվել է վարակակրի հետ»:

Ավինյանը նաեւ ասաց, որ ոստիկանության հավելյալ ուժեր պետք է ներգրավեն, որ խստորեն տեղաշարժի սահմանափակմանը հետեւեն: Բայց միայն տեղաշարժի սահմանափակումները կիսամիջոց են, նպատակն է տեխնոլոգիական միջոցներով հնարավորինս վարակի տարածումը կանխարգելել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031