Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես քաղաքացի՝ չեմ մոռանալու ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պահվածքը». «Իմ քայլը» ուշ գիշերով նիստ արեց ու մենակ-մենակ ընդունեց աղմկահարույց օրինագիծը

Մարտ 31,2020 23:07

Քիչ առաջ ԱԺ-ն արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ քննարկեց, քվեարկեց ու ընդունեց առավոտյան տապալված աղմկահարույց օրենքի նախագիծը, որը վերաբերում է հեռախոսային տվյալների վերահսկողությանը: Նախագծին կողմ քվեարկեց «Իմ քայլի» 71 պատգամավոր, ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես եւ առաջին ընթերցման ժամանակ, չէին մասնակցում:

Նախագծում փոփոխություն են արել, շեշտել են, որ միջոցառումները վերաբերվում են միայն արտակարգ դրության շրջանին ու դրանից հետո տվյալները ենթակա են ոչնչացման: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հաշվի առնելով մտահոգությունները, ընդգծեց, որ այս նախագիծը տեխնիկական որեւէ հնարավորություն չի տալիս հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու, սա զուտ համաճարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար է, որը միանշանակ նպաստելու է ՀՀ-ում անձանց առողջության պահպանմանը:

«Իմ քայլի» պատգամավոր,ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը, որը հարակից զեկուցող էր, ասաց, որ մանրամասն քննարկել են նախագիծը, եւս մեկ առաջարկ է եղել Նիկոլայ Բաղդասարյանի կողմից. «Հեղինակը շեշտել է, որ տվյալների ոչնչացումը արտակարգ դրության ավարտից հետո նախատեսվում է ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Կառավարությունը կարող է ավելի սեղմ ժամկետ սահմանել»:

«Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն իր ելույթում ասաց, որ տարընկալումներ կային նախագծի հետ կապված, բայց մարդիկ, որոնք իսկապես ունեին մտահոգություններ, արտահայտեցին, դրանք փարատվեցին, իսկ ովքեր ունեին ի սկզբանե կանխակալ բացասական վերաբերմունք, շարունակեցին մնալ իրենց դիրքերում. «Ընդդիմադիրների դիրքորոշումը բավականին անպատասխանատու պահվածք էր արտակարգ իրավիճակների պայմաններում»: Հայրապետյանն ասաց, որ մարդու ֆեյսբուքյան էջում բավականին շատ ինֆորմացիա կա տվյալ մարդու մասին ու այս նախագծով չէ, որ պետք է տեղեկատվություն ստանան:

Իմքայլական Ռուբեն Ռուբինյանն արձանագրեց, որ ընդդիմությունը կրկին չկա, թեեւ 3 ժամ առաջ է Արարատ Միրզոյանն ասել, որ 21:30-ին նիստ է լինելու. «Այն հայտարարությունները ընդդիմության, որ ուշ են տեղեկացվել, ընդամենը շոու էր, կարեւոր, ծանր վիճակում, արտակարգ դրության պայմաններում մանիպուլյացիա էր: Կար հստակ խնդիր, որը կապված է մարդկանց կյանքերի հետ: Պարետատունն առաջարկում է մեզ իրենց հնարավորություն տալ ներդնել մի մեխանիզմ, որը կարող է նպաստել նրան, որ փրկեն մարդկային կյանքեր, ի՞նչ է անում ընդդիմությունը»:

Ռուբինյանն ասաց, որ գուցե որպես պատգամավոր ինքը մոռանա ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պահվածքը, բայց որպես քաղաքացի՝ չի մոռանալու, որովհետեւ դա շատ անլուրջ պահվածք էր:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ րոպեներ առաջ քննարկելով՝ է՛լ ավելի են հստակեցրել նախագիծը ու հնարավորինս նեղացրել պետության կողմից մարդու իրավունքներին միջամտելու հնարավորությունը. «Երաշխավորում եմ՝ որեւիցե ձայնագրություն, որեւիցե sms այս նախագծով չի կարող փոխանցվել այդ մարմնին»:

Ըստ նրա, ստեղծված իրավիճակում նախագիծն իրավաչափ է. «Ասում են՝ այն անձը, ով փրկել է գեթ մեկ մարդու կյանք, փրկել է ամբողջ աշխարհը, պարո՛ն Ավինյան, կառավարության հարգարժան գործընկերներ, դուք մեզանից ուզեցիք գործիքակազմ, որն անհրաժեշտ էր այս վիրուսի դեմ պայքարելու համար, մենք տալիս ենք այդ գործիքակազմը, համարում ենք, որ ձեզ այդ գործիքակազմն այսօր պետք է, բայց միաժամանակ հորդորում ենք ձեզ հնարավորինս օգտագործել այդ գործիքակազմն արդյունավետ, այնպես, որ իրոք, մեկ ամիս անց, երկու ամիս անց,երբ կարիք չլինի արտակարգ դրության ռեժիմին անդրադառնալ, բոլորն ասեն՝ Հայաստանն իրոք, առաջամարտիկ էր այս հարում ու կարողացավ փրկել շատ ու շատ մարդկանց կյանքեր»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր ելույթում ասաց, որ արտակարգ դրությունը ենթադրում է սահմանափակումներ օրինակ, տեղաշարժի, բոլոր երկրներում է այդպես: Շատ երկրներում, մասնավորապես, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, GPS լոկացիայով տեղորոշելով՝ միջոցներ են ձեռնարկում կանխելու կորոնավիրուսի տարածումը»:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ այս օրհասական պահին իշխանությանը մենակ չի թողնելու. «Եթե նժարին գեթ մեկ մարդու առողջությունն է, ես թքած ունեմ այն քաղաքական դիվիդենտի ու շահի վրա, որ դրանից պիտի ինձ բաժին հասնի՝այստեղ դեմ քվեարկելով, ուստի ես կողմ եմ քվերակելու: Հույս ունեմ, որ ժամ առաջ իշխանությունը, կառավարությունը, պարետը կօգտվի այս գործիքից ու մեզ կազատի այս մղձավանջից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031