ԱԺ արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ քննարկում է առավոտյան տապալված աղմկահարույց օրենքի նախագիծը, որը վերաբերում է հեռախոսային տվյալների վերահսկողությանը:
«Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Կոնջորյանն իր ելույթում ասաց, որ բացի քաղաքացիների անկեղծ մղումներով կասկածները, ո՞ւմ մտքով է անցել այս միտքը, որ կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ, երբ մարդիկ են մահանում, ամբողջ հանրությունը պրկված նյարդային համակարգում են գտնվում, ո՞վ է մտածել, որ իշխանության մեջ պիտի ինչ-որ մարդիկ նստեն մտածեն, որ այս վիճակում ինչ-որ մեթոդներ գտնենք՝ մարդկանց գաղտնալսելու համար.
«Ինչի՞ համար գաղտնալսենք: Այս դեպքում գաղտնալսումը ոչ միայն հանցագործություն պիտի լինի, այլ նաեւ անբարոյականություն, ու այն մարդիկ, ովքեր սիստեմատիկ կերպով կասկածի որդը փորձում են մտցնել հանրության գիտակցության մեջ, սեփական իշխանության նկատմամբ, որին 70 տոկոսից ավելի քվե է տվել, կասկածի որդ, որի անբարոյականության մասին կասկածի, ես ուզում եմ հասկանալ, սիրելի ՀՀ քաղաքացիներ, ի՞նչ է պատահել ընտրություններից հետո, որ մեր եւ ձեր մեջ այդ աստիճան պատնեշ է ստեղծվել, եթե իրոք ստեղծվել է: Ասում են՝ այստեղ դուք ժողովրդավարության հետընթաց եք գրանցում: Ախր այս խմբակցությունն այնքան ժողովրդավար է,որ կառավարության եւ սեփական խմբակցության ավելի շատ նախագիծ է տապալել, քան թե ընդդիմությունն իրար հետ վերցրած, այ դրա համար կարող եք մեզ քննադատեք: Այո, մենք ունենք որոշակի սովորություն ամիսը առնվազն մի անգամ փոցխի վրա կանգնելու, ինչպես այսօր մի քանի ժամ առաջ: Դրա համար մեզ կարող եք քննադատել այն բանի համար, որ այս մարդիկ ուզում են ձեզ գաղտնալսե՞ն: Գաղտնալսեն, որ ի՞նչ անեն: Ասում են՝ ծածուկ նիստ եք անում: Ծածուկ նիստ ենք անում ուղիղ եթերո՞վ, լավ, ո՞նց կարելի է, ուղեղի ցնցում է մարդ ստանում, ա՛յ ձեր ցավը տանեմ, ո՞նց կարող ենք մենք ծածուկ, թաքուն բան անել ուղիղ եթերով: Այսինք, դուք ոչ միայն մտածում եք, որ մենք ունենք հանցավոր մտադրություններ, դուք մտածում եք, որ մենք տխմա՞ր ենք, հա՞»:
Ըստ Կոնջորյանի, նրբանկատ կերպով խաղում են հանրության վախերի հետ. «Ժամանակին մեզ ասել են՝ այ սա չանեք, փողոց դուրս չգաք, չընդվզեք, որովհետեւ թուրքը այնտեղ կանգնած է, կկրակի, պատերազմ կսկսվի, սա կգա մեզ կուտի…Հիմա ասում են՝ ժողովուրդ ջան, մի վստահեք այդ իշխանությանը, ուզում է ձեզ գաղտնալսի: Այն իշխանությանն են մեղադրում ժողովրդավարությունը ոտնահարելու ու գաղտնալսելու համար, նույն ձեւ մեղադրում են, որ մենք մամուլը ոտնահարում ու ճնշում ենք, այն մամուլի զգալի մասը, որն ամեն օր ամենակեղտոտ, ամենաանբարոյական ձեւով բթամիտ ֆեյքերով առաջին հերթին հարվածում է իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներին, այսօր այդ նույն ձեւով մեզ մեղադրում են, որ մենք ուզում ենք ձեզ գաղտնալսել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ