«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ մի շարք խախտումներ է հայտնաբերել: Նա ասաց. «Բոլոր իրավունքներն ու ազատություններն այստեղ երկրորդական են, մարդու կյանքն ու առողջությունը գերակա է բոլոր ազատությունների ու մյուս իրավունքների նկատմամբ:
Նկատում եմ, որ մեր հայրենակիցները լուրջ չեն ընդունել այս իրավիճակը: Այսօր մենք մտնում ենք բազմաթիվ հաստատություններ, այսօր կոնկրետ բանկ եմ մտել ու մասնաճյուղում չկա անգամ ալկոգել, կամ կա ինչ-որ մեկի սենյակում դրած, որը երբեւէ չի կիրառվում: Կա հերթապահ, հսկիչ, ոստիկանության ծառայող բանկում, որը ընդհանուր կարգն է ապահովում, սակայն տարրական ալկոգել չկա, որպեսզի մարդիկ լվացվեն ու ներս մտնեն: Դա կարող է ոստիկանության ուժերով իրականացվել, հաստատ ոստիկանը չի զլանա բոլորին ստիպի, որպեսզի առանց ձեռքերը լվանալու բանկի տարածք չմտնեն:
Քիչ առաջ հրավառություն եմ տեսնում Կասկադի ուղղությունից, բավականին լուրջ հրավառություն եւ զարմանում եմ՝այս ի՞նչ միջոցառում են իրականացնում քաղաքում: Մեր ժողովուրդը ոնց որ թե լուրջ չի ընդունում: Ավտոբուսներ ենք տեսնում, որոնք լեփ-լեցուն են ժողովրդով ու լուրջ չեն ընդունում մեր հայրենակիցները, որ զանգվածային մահը այսօր չոքել է բոլորիս դուռը:
Եթե մենք կարգապահությամբ աչքի չընկնենք, կառավարությունը եռապատկի էլ, տասնապատկի էլ իր ուժերը, ինչ գործիք էլ որ տանք կառավարությանը, հնարավոր չի այս խնդիրը լուծել եւ այս ամեն ինչի դեմն առնել: Գոնե մենք մեր կարգապահությամբ ու լուրջ վերաբերմունքով պետք է օգնենք այս ամենին, որ կարողանանք գոնե կանխել հետագա զարգացումը»:
Կարդացեք նաև
Արմեն Խաչատրյանը հույս հայտնեց, որ գոնե իր ելույթից հետո որոշ մարդիկ կլրջանան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ