Սույն թվականի մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած հրաձգության հետևանքով վիրավորում են ստացել ՀՀ երկու զինծառայողներ և Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա երեխա: Ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանները խախտելն ունեցել է դիվերսիոն ներթափանցման նպատակ:
«Առաջինը` Հայաստան» նախաձեռնության համահիմնադիրներն ու անդամներն անբավարար գնահատելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնելու և մեր քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելու ադրբեջանական քայլերին տրված արձագանքը, հարկ ենք համարում արձանագրել միջազգային կառույցների և ՀՀ ներպետական մարմինների վերաբերյալ հետևյալը:
Միջազգային կոնվենցիոն փաստաթղթերով ամրագրվելով երեխայի` որպես հատուկ սույբեկտի կարգավիճակը, միջազգային հանրությունը և անդամ պետությունները ստանձնել են պարտավորություններ: Զուգահեռաբար ամրագրվել են երեխայի պաշտպանության սկզբունքներն ու չափորոշիչներ:
«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն`յուրաքանչյուր երեխա ունի կյանքի և առողջության պահպանման իրավունք (5-րդ, 7-րդ, հոդվածներ):
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ-ն հանդիսանում է երեխայի անվտանգության երաշխավորը:
Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով ևս ամրագրվում է երեխայի իրավունքների լիարժեք ու ներդաշնակ ապահովման պետության պարտականությունը:
Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ:
Հաշվի առնելով աշխարհում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաշերտ խնդիրները, կոչ ենք անում
✓ չմոռանալ ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մասին,
✓ դրանց վերաբերյալ տալ համարժեք տեղական և միջազգային արձագանք,
✓ ՀՀ-ում գործունեություն ծավալող
հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրային նպատակներից են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովումը և երեխաների իրավունքների պաշտպանությունը, հանդես գալ դատապարտող հայտարարություններով,
✓ ապահովել անհրաժեշտ փաստական բազան միջազգային կառույցներ ուղարկելու և հստակ վերաբերմունք ստանալու համար:
«Առաջինը` Հայաստան» նախաձեռնությունը հետևողական է լինելու վերը շարադրված գործողությունների իրականացմանը:
Առողջություն ենք մաղթում ադրբեջանական ագրեսիայից վիրավորում ստացած ՀՀ քաղաքացիներին:
Մեր փոքրիկ քաղաքացուն փոխանցում ենք մեր ջերմ բարեմաղթանքներն ու լավագույն ցանկություններն իր բնականոն կյանքին շուտափույթ վերադառնալու ակնկալիքով:
ԱՌԱՋԻՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ