Aravot.am-ը «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Վահան Բադասյանին խնդրեց գնահատել Արցախում տեղի ունեցած քվեարկությունը։
«(Խորհրդարանական Ա.Չ.) Քվեարկությունը ճիշտ նույն ձևով ինչպես նախկինում կատարվում էր։ ՏԻՄ ընտրությունները բավականին արդար էին՝ հայաստանյան փոփոխությունների ֆոնի վրա։ Բայց նախագահականը վերադարձավ նախկինին, ինչպես որ կար, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում կար, ինչպես այստեղ կար»,- ասաց նա։
Հետաքրքրվեցինք, թե իր վստահված անձինք ի՞նչ խախտումներ են արձանագրել, նա պատասխանեց, որ արձանագրել են, թե ինչպես են քվեաթերթիկներ լուսանկարել, մեքենաներով ընտրողներին ընտրատեղամասեր տեղափոխել, ընտրատեղամասերում էլ մեծ կուտակումներ. «Իշխանական լծակները օգտագործում են»։
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ սպասելիքներ ունի ընտրություններից, Վահան Բադասյանը պատասխանեց. «Իշխանության վերարտադրությունը»։
Կարդացեք նաև
Մյուս հարցին, թե այդ դեպքում հնարավո՞ր է հետընտրական զարգացումներ լինեն Արցախում, Վահան Բադասյանը պատասխանեց. «Մենք ավելի կարևոր բան ունենք, մեր մարդկանց առողջությունը։ Եվ ես կարծում եմ՝ առաջին հերթին մենք դրա վրա պետք է կենտրոնանանք, տեսնենք՝ ո՞նց է ստացվում։ Որովհետև կարող է վաղը-մյուս օրը արտակարգ դրություն մտցվի։ Բայց եթե իշխանության վերարտադրությունը եղավ, դա շատ չի ձգի, որովհետև այդ ճգնաժամն առկա է։ Եթե նույնիսկ ընտրական գործընթացներ էլ չլինեն միևնույն է՝ հները չեն կարողանալու նույն ձևով ղեկավարել։ Իրենք նոր մեթոդներ չեն կարող կիրառել։ Հայաստանի իշխանությունները միջամտել չեն կարող, որովհետև իրենք էլ արդեն երկիրը կառավարելու խնդիր ունեն, և իրենք էլ խնդիրներ ունեն։ Իրենք, փաստորեն, որ խոստացել էին արդար ընտրություն և հների չվերարտադրություն, չկարողացան այդ խոստումը կատարել»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ