Aravot.am-ը «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից հետաքրքրվեց, թե իր գնահատմամբ ինչպե՞ս է անցկացվել Արցախում քվեարկությունը։
Նա պատասխանեց, որ սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել, որտեղ ընտրողները նկարել են իրենց քվեաթերթիկները. «Ինչը նշանակում է, որ տվյալ մարդիկ որոշակի պայմանավորվածություն ունեն, ապացուցելու բան ունեն։ Հիմնականում նման խախտումներ են եղել։ Երկու տեղ քվեատուփերի կնիքը պոկված է եղել»։
Մեր դիտարկմանը, որ քվեաթերթիկ նկարելը դեռ ընտրախախտում չէ, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Դա խախտում չէ, բայց դա հրապարակայնացնելը խախտում է կամ ուրիշի ցույց տալը խախտում է։ Այդ բոլոր գտնված փաստերը «Ազատ հայրենիք» և Արայիկ Հարությունյան են, այսինքն՝ ակնհայտ է, որ այդ մարդիկ քվեարկել են փողի դիմաց, և փորձում են իրենց փող տվողին ապացուցել, որ իրոք քվեարկել են։ Կամ քվեարկել են, ենթադրենք, սպառնալիքի տակ, օրինակ՝ աշխատանքը կորցնելու սպառնալիքի։ Նկարելու իմաստը կարծում եմ հենց դա է»։
Հետաքրքրվեցինք նաև, թե այս տարի դիտորդների քիչ լինելը կարո՞ղ էր ընտրախախտումների պատճառ լինել, Հայկ Խանումյանը պատասխանեց, որ դիտորդների թիվը սպասվածից քիչ էր, և ցանկալի կլիներ, որ ընտրությունները ավելի նորմալ պայմաններում անցկացվեին. «Քանի որ շատ մրցակցային ընտրություններ էին, և շատ վստահված անձինք էին ներգրավված նաև վերահսկողություն այս կամ այն չափով եղավ»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ