Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Մակրոնը շատ ջերմ ցավակցեց՝ հիշատակելով նաև Դևեջյանի հավատարմությունն իր ակունքներին. Հասմիկ Տոլմաջյան

Մարտ 31,2020 21:33

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հարցազրույցը «Լուրեր» հաղորդաշարին

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց է տվել «Լուրեր» հաղորդաշարին, որի ընթացքում ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում Ֆրանսիայում և ֆրանսահայ համայնքում տիրող իրավիճակը,  Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած դժվարությունները և հայրենիք վերադարձի հնարավոր ուղիները, խոսել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում Պատրիկ Դևեջյանի դերի և վերջինիս գործունեության մասին։

Խոսելով ֆրանսահայ համայնքում առկա իրավիճակի և տրամադրությունների մասին՝ դեսպան Տոլմաջյանը նշեց․ «Ֆրանսիայում հայ համայնքին հիմնականում հետաքրքրում է, թե ինչպիսի իրավիճակ է տիրում Հայաստանում, մտահոգ են, անհանգիստ են։ Հայաստանում յուրաքանչյուր թվի ավելացում մեծ անհանգստությամբ ու մտահոգությամբ է ընդունվում ֆրանսահայ համայնքում։ Համայնքի ներկայացուցիչներից այս պահի դրությամբ,  ունենք երկու համաճարակի զոհ՝ մեկն անցած շաբաթվա ընթացքում, մյուսն էլ վերջին օրերի ընթացքում։ Բայց, իհարկե, ոչ միայն ֆրանսահայ համայնքի համար, այլ նաև Ֆրանսիայի համար այս համաճարակի ամենաուղղակի հարվածը Պատրիկ Դևեջյանի կորուստն էր։

Ֆրանսիայի ամբողջ պետական, քաղաքական դասը շարունակում է արձագանքել Պատրիկ Դևեջյանի մահվանը։ Դևեջյանն առաջնային պետական գործիչ էր Ֆրանսիայում և հետաքրքիր է, որ, լինելով պետական այր, միշտ հավատարիմ է եղել իր հայկական ակունքներին և եղել է Հայ դատի պայքարների, Հայոց Ցեղասպանության ճանաչման, Հայ դատի մարտիկների, «Վան» գործողության մարտիկների պաշտպանության առաջնային գծում։ Նախագահ  Մակրոնը շատ ջերմ ցավակցեց՝ հիշատակելով նաև Դևեջյանի հավատարմությունն իր ակունքներին, նշելով, որ Հայաստանը մշտապես եղել է նրա սրտում։

Ցավակցեցին նաև նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, Սենատի, Ազգային ժողովի նախագահները։ Ֆրանսիայում չկա որևէ պետական, քաղաքական գործիչ, որն անմասն մնաց այդ ընդհանուր վշտից։ Դևեջյանը նաև հայ-ֆրանսիական բարեկամության առանցքային դերակատարներից էր»։

Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների և հայրենիք վերադարձի հնարավոր ուղիների հետ կապված դեսպան Տոլմաջյանն ընդգծեց․ «Գիտեք, կապի մեջ ենք, բնականաբար, դեսպանությունում արձանագրվում են բոլոր քաղաքացիները, որոնք զանգահարում, որևէ խորհուրդ են հարցնում դեսպանությունից։ Ուղղորդում ենք, խորհուրդներ տալիս՝ ըստ հարցերի, բնականաբար։ Մարտի 21-ին, թերևս տեղյակ եք, Փարիզ-Երևան «AirFrance»-ի վերջին ուղիղ չվերթն էր․ դրանք կասեցվում են մինչև մայիսի սկիզբ։ Դեսպանությունը հորդորում էր Ֆրանսիայում ժամանակավոր գտնվող քաղաքացիներին օգտվել այդ չվերթից։ Անցած շաբաթ շատերն օգտվեցին նաև Մոսկվայով տարանցիկ վերադարձի հնարավորությունից։ Առաջիկա օրերին, կարծեք թե, հազվագյուտ միակ գործող կապերից է մնում Մինսկը։ Այս պահի դրությամբ կան Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք կօգտվեն առաջիկա ապրիլի 5-ին նախատեսվող Փարիզ-Մինսկ-Մոսկվա չվերթից։ Մշտապես կապի մեջ ենք և փորձում ենք, իհարկե, լուծումներ գտնել, ուղղորդել։ Դեսպանությունը պետական ծառայություն է մատուցում և, անշուշտ, ՀՀ քաղաքացիները գիտեն, որ այդ թեժ գիծը և դեսպանությունը իրենց տրամադրության տակ են շուրջօրյա»։

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031