Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախում մարտի 31-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ էին։ Ժամը 20:00-ի դրությամբ փակվել են Արցախում գործող 281 ընտրատեղամասերը։
Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասաց, որ տեղի են ունեցել արդար, թափանցիկ ընտրություններ. «Ես կասեի, որ նախկինում այդպիսի մրցակցային ընտրություններ չենք ունեցել։ Ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են օրենքի տառին համապատասխան, Ընտրական օրենսգրքի համաձայն։ Այդ առումով որևէ խնդիրներ չեն եղել՝ ընտրախախտումների առումով, քվեարկությանը խոչընդոտելու առումով։ Եվ ամենակարևորը ունեցել ենք բարձր մասնակցություն՝ չնայած այն մտահոգություններին, որ հնարավոր է նոր կորոնավիրուսի վտանգի պատճառով քիչ մասնակցություն լինի։ Այդ մտահոգությունները փարատվել են հենց քվեարկությունը սկսվելու առաջին ժամերին»։
Մեր նկատառմանը, որ ցանցում տարածվում են տեսանյութեր, երբ ընտրողները լուսանկարում են իրենց քվեաթերթիկները։ Եվ մեծամասամբ այդ քվեաթերթիկներում նրանք ընտրել են հենց «Ազատ հայրենիք» կուսակցությանը, Վահրամ Պողոսյանը պատասխանեց.
«Քվեաթերթիկը նկարելը ընտրախախտում չէ։ Ընտրախախտում է, երբ քաղաքացին նկարում և հրապարակում է այն։ Այստեղ մի շատ կարևոր գիծ կա, որ մենք պետք է հաշվի առնենք. Որոշ դիտորդներ դա փորձեցին ներկայացնել որպես ընտրախախտում, բայց դա իրականում ընտրախախտում չէ։ Իհարկե, անընդունելի դեպք է մեզ համար, բայց դա քաղաքացու իրավունքն է։ Այստեղ խնդիրն ուրիշ է՝ այն է, որ մենք դա համարում ենք սադրիչ միջոցներ. Սադրանք որոշ ուժերի կողմից։ Քանի որ բոլոր այդ հեռախոսով նկարահանելու դեպքերը փորձում էին կապել մեզ հետ՝ անկախ նրանից՝ մեզ հետ է կապվա՞ծ, թե՞ չէ»։
Կարդացեք նաև
Վահրամ Պողոսյանը շեշտեց, որ սա պլանավորած սադրանք է, քանի որ նույն ուժերը երկու ամսից ավելի փորձում էին անել ամեն ինչ, որ ընտրությունները տապալվեն. «Այստեղ ոչ մի ընտրախախտում չի եղել, իրավապահ մարմինները զբաղվում են։ Մենք համոզված ենք, որ շատ շուտով արձանագրելու են այդ ամենը։ Որևէ ընտրախախտում չի եղել, նույնիսկ եթե մանր-մունր ընտրախախտումներ եղել են, նրանք չեն կարող ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ