Ընդդիմադիր քաղաքական ուժի պատգամավորները կոչ են անում բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգեւատրումների ֆոնդի գումարներն ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին: Aravot.am-ն այսօր պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ նման հարց քննարկվո՞ւմ է կառավարությունում:
Ի պատասխան, պարետն ասաց. «Կառավարությունում քննարկվում է սոցիալական ծրագրերի բովանդակությունը եւ սոցիալական ծրագրերի թիրախայնությունը, միջոցները, որոնցից այդ սոցիալական ծրագրերն իրականացվեն: Ես կարծում եմ, շատ ավելի մեծ գումարների մասին է խոսքը եւ միայն դրա մասին խոսք չի կարող գնալ, մեծածավալ գումարների մասին է խոսքը, եւ, այո, մենք պետք է պատրաստ լինենք զրկանքների, որովհետեւ, իրապես ճգնաժամային իրավիճակում ենք եւ պետք է կարողանանք էֆեկտիվ լուծումներ գտնել եւ մեր բնականոն կյանքի վերադարձի ճանապարհին չունենալ էլ ավելի խորը ճգնաժամեր»:
Ավինյանը մեր հարցին պատասխանեց կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում: Պարետ Ավինյանին լրագրողները հարցրին՝ խախտումների արձանագրությունները, որոնց արդյունքում քաղաքացիները տուգանվել են, արդյոք այդ գումարները գանձվելու են, թե միառժամանակ գործընթացը կհետաձգվի: Հարցրին նաեւ՝ այդ գանձված գումարներն ինչ նպատակի են ուղղվելու:
Փոխվարչապետն ասաց. «Եթե մարդիկ հույս ունեն, որ այդ գումարները չեն գանձվելու, ես նման բան չեմ կարող ասել, որովհետեւ, իրականացվելու են վարչական վարույթներ եւ ամեն դեպքով կայացվելու է անհատական որոշում, այնուամենայնիվ, ես պետք է շեշտեմ, որ այդ վարույթներն ու տուգանքները ինքնանպատակ չեն: Մենք բոլոր հնարավոր միջոցներով՝ կոչերով, Վարչական իրավախախտումների մասին եւ Քրեական օրենսգրքում փոփոխություններով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որը որ կսահմանափակի մարդկանց տեղաշարժը: Մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց տեղաշարժը, որը կապված չի մի քանի բացառությունների հետ, պետք է չեղարկեն: Այս վարույթները շարունակվելու է, վերահսկողությունը ավելացվելու է»:
Կարդացեք նաև
Պարետի խոսքով, դեռ որոշված չէ՝ ինչ նպատակով են ծախսվելու, բայց ինչ վերաբերում է առողջապահական կարիքները սպասարկելուն, ապա,Տիգրան Ավինյանի խոսքով, այդ առանձնացված գումարը կա եւ այդ ուղղությամբ արդեն իսկ բոլոր պաշարները նախատեսել են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ