«Այսօր մենակ մեր խմբակցությունն է մասնակցում ու սա արհամարհանք է ամբողջ հայության նկատմամբ: Թող մարդիկ գային ու տեսակետ արտահայտեին, բանավեճ լիներ»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, որ իշխանություններն այսօր առավոտյան տապալված օրենքի նախագիծը, որը հեռախոսային տվյալների վերահսկողություն էր թույլ տալու, նորից է բերել ԱԺ ու քվեարկությամբ քիչ առաջ անցկացրեց առաջին ընթերցմամբ:
Սասուն Միքայելյանն ասաց, որ քայլերով պետք է ժողովրդին կամաց-կամաց զգաստացնեն, որպեսզի ուրիշ քայլեր չանեն, կորոնավիրուսը տարածվի ամբողջ հանրապետությունում:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ նպատակահարմար չի՞, որպեսզի արգելվի տնից դուրս գալ մեծահասակ քաղաքացիներին ու խրոնիկական հիվանդություններով քաղաքացիներին ընդհանրապես, բոլոր մյուս քաղաքացիների համար կյանքը մտնի բնականոն հունի մեջ: Բացի այդ, նա հարցրեց՝ Երեւանում, մեծ քաղաքներում նպատակահարմար չէ՞ հասարակական սննդի կետեր կազմակերպել այն հայրենակիցների համար, ովքեր օրավարձով ապրող են եղել ու այսօր դժվարություն ունեն իրենց ընտանիքները կերակրելու հարցում:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ պարետատունը համապատասխան որոշում կայացրել ու կայացնում է նշված հարցերի հետ կապված: Ինչ վերաբերում է մարդկանց անվճար սնունդ բաժանելուն, Բադասյանը պատասխանեց. «Նկատի ունենալով համաճարակի տարածման տեմպերն ու դրա վտանգավորությունը, նման կենտրոնների ստեղծումը կարող է ոլորտում ավելի մեծ խնդիրներ առաջացնել: Դրա համար, կարծում եմ, պետք է ձեռնպահ մնալ դրանից: Եթե անհրաժեշտություն կառաջանա քաղաքացիներին սննդով ապահովելու, կարծում եմ, դա պետք է արվի ավելի թիրախային, ոչ թե նան կենտրոնների ստեղծմամբ եւ գործունեությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ