Իշխանությունները, ինչպես հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի տարբերակ էին փնտրում՝ այսօր տապալված օրենքի նախագիծը, որը հեռախոսային տվյալների վերահսկողություն էր թույլ տալու, նորից անցկացնել: Եվ ահա քիչ առաջ ԱԺ-ն նորից արտահերթ նիստ հրավիրեց՝ նույն օրենքը նորից քննարկելու ու անցկացնելու համար:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը որոշ պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու քվորում չապահովեցին իրենց պատգամավորները ու ստիպված եղան նորից բերել նույն նախագիծը. «Քանի որ ընդդիմությունը բոյկոտեց ու չմասնակցեց քվեարկությանը ոչ կողմ, ոչ դեմ, ոչ ձեռնպահ քվեարկելով՝ հետևաբար, կողմ ձայների քանակը անհրաժեշտ էր, որ լիներ 67-ը»: Այլապես 34 կողմն էլ բավարար կլիներ: Մակունցը նաեւ ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավոր Արցախում է գտնվել, մյուսները, ովքեր բացակա են, հիվանդ են:
«Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանն էլ իր ելույթում ասաց, որ ՀՀ-ում արդեն կա կորոնավիրուսի մոտ 500 ակտիվ դեպք, թոքաբորբով հիվանդներ, աշխարհում կան տասնյակ հազարավոր զոհեր ու պարետատունը փորձում է նոր մեթոդներ մշակել, տեղայնացնել այլ երկրների հաջողված փորձերը. «Սա շատ արագ լուծում է պահանջում ու ունենք նոր նիստ: Ինչպես նկատեցիք, ընդդիմությունը չկա ու չկա ծիծաղելի պատճառաբանությամբ: Նոր նայում էի Էդմոն Մարուքյանի լայվը, ասում էր՝ մեզ ուշ են տեղեկացրել, 16:55-ին դրա համար չենք գալու: Նախ, բոլոր պատգամավորները, ներառյալ «Իմ քայլը խմբակցության եւ ընդդիմադիր, նիստի մասին տեղեկացել են նույն պահին: Երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքները, որ նշեցի՝ կորոնավիրուսի համաճարակի տեմպերը աշխարհում, ՀՀ-ում, զոհերի քանակը, արագ արձագանքման անհրաժեշտությունը, այս պատճառաբանությունները դառնում են ուղղակի ամոթալի եւ ծիծաղելի: Ընդհանրապես, մեր խորհրդարանական ընդդիմության պահվածքն ինձ համար անհասկանալի է վերջին օրերին: Ամբողջ աշխարհում, բոլոր պետություններում հանրությունը, ԱԺ ուժերը միավորվում են՝ հանուն այս համաճարակի դեմ պայքարի ու միայն ՀՀ-ում է, կարծում եմ, որ քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս ինչքան պոպուլիստական միտք է եղել է, որ այսքան ժամանակ չեն օգտագործել, օգտագործեն: Սա ուղղակի անընդունելի է ու ամոթալի:
Կարդացեք նաև
«Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանն էլ խոսեց ընդդիմադիրների գրառումների ու ուղիղ եթերների մասին. «Էդմոն Մարուքյանն ամբիոնից հայտարարեց, որ դեմ են քվեարկելու, գնաց նստեց, հաշվեց, տեսավ, որ քիչ են, ասեց՝ լավ, սենց անենք: Էդ որ դուք պահի տակ այդպես շուստրի եք, շուստրիություն եք կարում անեք, մենք ժողովրդի մասին մտածելով՝ բերել ենք սա անցկացնենք: Ֆեյսբուքում գոռալ-ճչալը չի օգնելու ձեզ այս հարցում»:
Նախագիծը դրվեց քվեարկության ու առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ