Կորոնավիրուսի տարածումն աշխարհում խախտել է բոլորի ծրագրերը։ Շատ բան մեր կյանքում փոխվել է, և այս պայմաններում շատերը փորձում են վերանայել իրենց աշխատաոճը, նոր ձևաչափերով հանդես գալ։ Մշակութային օջախները, մասնավորապես, տեղափոխվել են առցանց հարթակ և փորձում են մարդկանց հետ շփվել համացանցի միջոցով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նույնպես իր ունկնդրի հետ շփման այս տարբերակին է անցել։ Արդեն սոցիալական ցանցերում ցուցադրվել են մի քանի համերգներ, և դրանք լինելու են շարունակական։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի հետ զրուցում ենք ստեղծված իրավիճակի, այս իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերի, ինչպես նաև նոր պայմաններում սիմֆոնիկ նվագախմբի աշխատանքի մասին։
-Պարոն Բալբաբյան, հետաքրքիր է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը քանի՞ ձայնագրված, տեսագրված համերգ ունի։
-Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունի ավելի քան 300 ձայնագրված և ավելի քան 250 տեսագրված համերգներ։ Դրանց մոտ 65 տոկոսը տեսաձայնագրվել են վերջին յոթ տարիների ընթացքում։ Մենք մեր գործունեության ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնում այդ աշխատանքին և երբեք չենք խնայում համերգների բարձրորակ տեսաձայնագրման համար։ Բացի այն, որ հանդիսատեսը համերգից հեռանում է մեծ տպավորությամբ, ինչը մեզ համար ամենագլխավոր ցուցանիշն է, կարևորում ենք նաև կատարված աշխատանքի պահպանումը։
-Ինչո՞վ է այդ մոտեցումը պայմանավորված։
Կարդացեք նաև
-Մենք մեր գրեթե բոլոր սիմֆոնիկ համերգները ձայնագրել ենք՝ համարելով դա մնայուն արժեք։ Սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է բազմաթիվ պրեմիերաներ՝ համաշխարհային, հայաստանյան, և դրանց ձայնագրումն ու պահպանումը շատ կարևոր է ինչպես նվագախմբի արխիվի, այնպես էլ ընդհանրապես այդ ստեղծագործությունները մեր երկրում և նրա սահմաններից դուրս օնլայն տիրույթներում հանրահռչակելու համար։
-Վերջին օրերին նվագախմբերը, երաժշտական կոլեկտիվներն անցել են իրենց ելույթների առցանց ցուցադրության։ Ձեր նվագախմբի օրինակով խնդրում ենք ասել՝ համերգների օնլայն ցուցադրումն ի՞նչ արդյունքներ է գրանցել։ Դիտողները շա՞տ են։
-Սոցիալական ցանցերն այսօր մեծ հնարավորություններ են ստեղծում նվագախմբի առաջխաղացման, մեդիատիրույթում դիրքավորվելու գործում և նույնիսկ այնպիսի ստեղծագործություններ ներկայացնելու, որոնք կհետաքրքրեն ոչ միայն հայ ունկնդրին, այլև արտասահմանյան լսարանին։ Հաճախ այդ տեսագրություններն արժանանում են նաև համաշխարհային մեդիատիրույթում հայտնի կայքերի, մասնավորապես, դասական երաժշտության հեռարձակման հայտնի հարթակների՝ Medici TV-ին, Mezzo TV-ին, Classic FM-ին, Idagio և այլն, ուշադրությանը։ Պետք է ասեմ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է նշված ընկերությունների հետ, և բավականին մեծ հաջողություններ ունենք այդ ուղղությամբ։
Մենք հատկապես կարևորում ենք համաշխարհային լսարանում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակումը, և ուշագրավ է, որ նշված ընկերությունները նույնպես հետաքրքրված են այս հարցում, քանի որ 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստը չբացահայտված ասպարեզ է նրանց համար։ Այստեղ հատկապես ուշագրավ է, որ այդ ստեղծագործությունները հնչում են հայկական նվագախմբի կատարմամբ։
Օրերս Medici TV-ն հեռարձակեց 2019թ. նոյեմբերին անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի շրջանակներում կայացած համերգը, որը ներկայացնում էր Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործություններն ու կոնցերտները։ Ուրախ ենք, որ այն մեծ հաջողություն է ունեցել. մեծաթիվ դիտումներ են գրանցվել աշխարհի տարբեր երկրներից։ Այս պահին ամփոփվում են թվերը, որոնք շուտով կտրամադրվեն մեզ։ Mezzo TV-ն նույնպես առաջիկայում մի քանի նախաձեռնություններով հանդես կգա, որտեղ կներկայացվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Համագործակցությունը համաշխարհային ճանաչում ունեցող հարթակների հետ խիստ կարևոր է, քանի որ այն հնարավորություն է ստեղծում աշխարհին ներկայացնել մեր կոմպոզիտորական և կատարողական արվեստները՝ այդպիսով մեր մշակույթը հասանելի դարձնելով ոչ միայն դասական երաժշտության սիրահարներին, այլև մասնագետներին՝ երաժշտական մենեջերներին, որոնք կազմակերպում են նվագախմբի հյուրախաղերն արտերկրում։
-Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ համերգասրահներում դադարել են համերգները, կարճ ասած՝ իրավիճակ է փոխվել։ Ինչպե՞ս է ձեր նվագախումբն արձագանքում այս ամենին։
-Այս օրերի դադարն ընդամենը համերգային գործունեության դադար է, նվագախմբի աշխատանքի մյուս բոլոր գործընթացները բնականոն շարունակվում են, որոշ պրոցեսներ էլ ավելի են ակտիվացել, հատկապես՝ մեդիա տիրույթում տարվող աշխատանքների գծով։ Եվ ունենալով մեծ բազա՝ մեր ունկնդրի համար հնարավորություն կստեղծենք ամենշաբաթյա պարբերականությամբ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ունկնդրելու դասական երաժշտության մեկ գլուխգործոց։
Ֆեյսբուքյան տիրույթում արդեն մի քանի առցանց ցուցադրություն ունեցել ենք, որոնք մեծաթիվ դիտումներ են արձանագրել։ Բազմաթիվ արձագանքներ, մեկնաբանություններ են եղել, շատերը նաև շնորհակալական նամակներ են գրել, որ կարանտինային պայմաններում կարողացանք «լուսավորել նրանց օրը»։
Մեր առցանց ցուցադրությունները զուգորդվում են նաև ԴասԱ ծրագրի հետ։ Նվագախմբի երաժիշտները աշակերտների համար հատուկ օնլայն դասեր են անցկացնում՝ նրանց նախապատրաստելով համերգների ցուցադրությանը և շարունակելով ծրագիրը այս տիրույթում։ Ընթացքում նաև հետաքրքիր վիկտորինաներ, խաղեր են անցկացվում աշակերտների հետ, որպեսզի ավելի ամրապնդվեն նրանց գիտելիքները դասական երաժշտության մասին։
-Սիմֆոնիկ նվագախումբը միշտ հետաքրքիր նախագծերով, ձևաչափերով է հանդես գալիս։ Կարո՞ղ է՝ նաև օնլայն նվագախումբ ստեղծեք և օնլայն ելույթ ունենաք։ Նման բան պրակտիկորեն հնարավո՞ր է։
-Չեմ ուզում փակագծերը բացել և ժամանակից շուտ ներկայացնել մեր ծրագրերն ու կանխատեսվող աշխատանքները, սակայն օնլայն նվագախմբի գաղափարն այս օրերին շատ արդիական է։ Հուսամ՝ շուտով մեր ունկնդրին կպարգևենք որոշ հետաքրքիր նախագծեր։
-Այս ընթացքում երաժիշտների հետ ինչպե՞ս եք շփվում։ Ինչպե՞ս են նրանք կատարում իրենց աշխատանքը։ Չէ՞ որ երաժիշտները՝ ինչպես և մարզիկները, միշտ պետք է լավ մարզավիճակում լինեն։
-Իրականում երաժիշտները շարունակում են մնալ լավ մարզավիճակում։ Այս դադարը մասնագիտության վրա էլ ավելի կենտրոնանալու հարմար առիթ է դարձել: Նրանք պարապում են, ինչը վկայում է օնլայն տիրույթում անընդհատ ներկայացվող անհատական աշխատանքները։ Այս շրջանում մեր երաժիշտները հետաքրքիր գաղափարներ են կյանքի կոչում. միասին օնլայն պարապմունքներ են կազմակերպում, նաև ամբողջ նվագախմբով կենդանի կատարմամբ նախագծեր ենք պատրաստում տանից:
-Բեմը կարոտե՞լ եք։
-Իհարկե, կարոտել ենք։ Որքան էլ փորձենք ներկայանալ առցանց տիրույթում, միևնույն է, առաջնային նշանակություն ունի հանդիպումն ունկնդրի հետ հենց համերգասրահում, շփումը երաժշտասերների հետ, նրանց էմոցիաներ փոխանցելն ու նրանցից լիցքեր ստանալը։ Համերգասրահ գալը, երաժշտություն կատարելը կամ ունկնդրելը վեր է ամեն ինչից։ Ոչինչ չի կարող փոխարինել ունկնդրի հետ անմիջական շփմանը, նրանց ծափերին, քանի որ դա է մեզ ոգևորողը։
Զրուցեց Անահիտ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ
Առանց յուր ստեղծագործության կատարման եւ ունկնդրման,կոմպոզիտոը մեռած է.Փառք տիրոջը որ կա Հայաստանի Պետակա Սիմֆոնիկ հոյակապ նվագախումբ եւ ով «չի թողնում»,որ «կոմպոզիտոը մեռնի»…. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: