Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրեց, թե պարետի՝ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ժամանակ առիթ ունեցե՞լ է փողոց դուրս եկած որևէ գյումրեցու, այսպես ասած, կարգի հրավիրելու, տուն ուղարկելու։ Մենք մեջբերեցինք նաև Իտալիայի մի քանի քաղաքապետերի օրինակը, որոնք զայրացած մեկուսացման կանոնները չպահպանող իրենց բնակիչների վրա՝ նույնիսկ հայհոյանքներ էին հնչեցնում։
Ի պատասխան՝ Գյումրու քաղաքապետը շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին այսքան կարգապահ լինելու համար։ Սամվել Բալասանյանի փաստմամբ, երբ սահմանափակման մասին նոր էր հայտարարվել, մարդիկ մի տեսակ մատների արանքով էին նայում։ Ըստ քաղաքապետի, նույնիսկ առաջին օրերին, երբ շրջել է փողոցներում, հանդիպել է մարդկանց, որոնք դուրս են եկել հրապարակ՝ օդ շնչելու։ Վերջինս նրանց հորդորել, համոզել ու տուն է ճանապարհել։ Իսկ երկրորդ օրը գյումրեցիները ընկալել են պահի ողջ լրջությունը։
«Շատ հետաքրքիր բնակչություն ունենք մենք՝ իրենց բնավորությամբ, գյումրեցիները կարգապահ քաղաքացու, ճիշտ մտածող մարդու տրամաբանությամբ կատարեցին բոլոր հանձնարարականները։ Շնորհակալ լինելով իմ գյումրեցիներին՝ խնդրելու եմ շարունակենք նույն ձևի, որ հանկարծ կորուստներ չունենանք, վարակը չտարածվի, խնայենք մեր ծնողներին, երեխաներին, ընտանիքներին, մեր հասարակությանը։ Շատ կարևոր հանձնարարականներ են, որոնք ստանում ու կատարում ենք, ուրիշ տարբերակ չկա, ասում է՝ սա՛ է դեղամիջոցը։ Այնպիսի փուլում է ամբողջ մոլորակը, եթե 170 երկրներում այս պրոցեսն է, այս վիճակն է, մենք էլ պիտի հետևենք բոլոր խորհուրդներին», -ասաց քաղաքապետը։
Նա նշեց՝ ի տարբերություն մյուս քաղաքների, որտեղ մեծ հավաքներ են եղել, Գյումրիում նման տեսարանի չի հանդիպել, իսկ հուղարկավորություններին անձամբ է ականատես եղել, որ սահմանափակ թվով մարդիկ են մասնակցում։
Կարդացեք նաև
«Մենք պարետի բոլոր հանձնարարականները ստանալուն պես՝ կետ առ կետ կատարում ենք՝ աշխատելով մարզպետարանի հետ։ Մենք փորձեցինք անել ամեն ինչ, որը հնարավորություն կտար մեր քաղաքում կայունացնելու իրավիճակը։ Ես, իհարկե, երկու անգամ ուղերձ հղեցի մեր բնակչությանը՝ հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերով՝ խնդրելով մեր ժողովրդին պահպանել բոլոր կանոնները, հանձնարարականները, որոնք տրվում են կառավարության, պարետի, նաև մարզպետի, քաղաքապետի կողմից։ Ես հիշեցրեցի, որ գյումրեցիները շատ բաներ են տեսել, տեսել են երկրաշարժ, արհավիրք ու կարողացանք հաղթահարել։
Կարելի է ասել այդ ժամանակ մեր քաղաքը չկար, նկարահանած կա վերևից, արտասահմանյան մասնագետները գտնում էին, որ այս քաղաքից պիտի դուրս գանք, ուրիշ քաղաք կառուցենք։ Իհարկե, գյումրեցին իր թասիբով, իր խելքով, իր աշխատասիրությամբ կարողացավ իր քաղաքը վերականգնել, վերականգնվեց այն աստիճան, որ «Ֆորբս» ամսագրում համեմատվեց այնպիսի քաղաքների հետ, ինչպիսին է Լոնդոնը, Վանկուվերը։
Մեր ժողովուրդը լսեց մեր ձայնը, ու ինքնամեկուսացման պրոցեսը տեղը տեղին կատարեցին։ Երբեք չի եղել նման դեպք, որ մեր քաղաքի փողոցներում որևէ մեկին չտեսնեինք․․․ Առավոտյան մարդիկ դուրս են գալիս, առևտուր են անում, անգամ կատարվում է պարետի այն հրամանը, որ սկզբից ծերերը դուրս գան, գնան առևտրի։ Նույնիսկ սա է պաշտպանվում մեր երիտասարդների կողմից։
Փորձ ենք անում, որպեսզի քաղաքը պահենք այն իրավիճակում, ինչն անհրաժեշտ է այս համաճարակի պայմաններում, որ կարողանանք իրականացնել կարևորագույն բոլոր խնդիրները։
Շատ լավ աշխատում է մեր կոմունալ բյուջետային հիմնարկությունը, կատարում է իր բոլոր պարտականություններն՝ ախտահանությունն, աղբահանությունը, ամեն ինչ կատարվում է ժամանակին։
Ես առավոտյան, երբ գալիս եմ քաղաքապետարան, շրջում եմ քաղաքում, որպեսզի համոզված լինեմ՝ ինչպիսին է վիճակը և համոզվում եմ, որ բավականին լավ աշխատանք է կատարվում։
Հանձնարարականներ են տրված նաև համատիրությունների ղեկավարներն, ներարկման գործիքներ են տվել ախտահանման։ Այսօր հանձնարարել եմ ՝ ինչքան քլոր պետք է, տվեք համատիրություններին, որպեսզի ամեն օր ախտահանություն անեն շենքերում, իսկ իրենք ախտահանություն են անելու կանգառներում, փողոցներում։ Նոր տեխնիկա ստացանք, հագեցած է նոր տեխնիկայով քաղաքը, մենք կարող ենք դրանով ջրել, մաքրել, ախտահանել ու նաև կազմակերպել աղբահանությունը։
Քաղաքի հիգիենիկ վիճակը խիստ հսկողության տակ է, մաքուր է, երևի հենց այդ պատճառով էլ հիվանդների թվաքանակ չի ավելանում, ինչքան որ կար՝ այդ հինգ հոգին ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված, այդ թվից ավել չգիտեմ: Օպերատիվ շտաբի կողմից տվյալներ չենք ստացել, իրենք են կոորդինացնում, իրենք են տեղեկատվություն ստանում, բայց ես նման տեղեկատվություն չունեմ, գիտեմ, որ այդ հինգ հոգին են»,-ասաց Սամվել Բալասանյանը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտելով բուժաշխատողներին, ոստիկաններին, ԱԻՆ-ի աշխատակիցներին։
Ի դեպ, այսօր առավոտյան, երբ դեռ չէր հրապարակվել պարետի նոր որոշումը, Գյումրու կենտրոնական, հատկապես շուկայի հատվածը փոքր-ինչ աշխույժ էր, մեկ շաբաթ շարունակ կարգ ու կանոն պահած գյումրեցիներն ամենայն հավանականությամբ մտածում էին՝ միգուցե այլևս սահմանափակումներ չլինեն (Տես լուսանկարներում):
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ