Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մի շարք բնակիչներ՝ ընտանիքներով մեկուսացվում են կորոնավիրուսի վարակ ունենալու կասկածով: Այս լուրերը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Չարենցավան համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Մուրադյանը:
«Տեղափոխվել են, մեկուսացվել են մեր համայնքից, քանակ չգիտեմ: Ամբողջ հանրապետությունից էլ տեղափոխվել են, բայց մեր համայնքից շատ են», ասաց Սուրեն Մուրադյանը:
Ըստ նրա՝ իրենց համայնքում կորոնավիրուսով վարակակիրների օջախը կապված է Երեւանի Շենգավիթ համայնքի արտադրամասի հետ. «Մեր մոտից են աշխատողները եղել, ավելին չեմ կարող ասել»:
Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանն էլ ասաց, որ արտադրամասի աշխատակիցների հետ կոնտակտավորներն են մեկուսացվել. «Եթե հայտնվում են, էլի մեկուսացվում են: Մենք ոչ մեկուսացմանն ենք մասնակցում, ոչ էլ մեզ տեղեկատվություն է տրամադրվում, որ կարողանամ թվեր ասել, կան դեպքեր այդ արտադրամասի հետ կապված»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով համայնքի ելումուտի սահմանափակումների մասին պարետի այսօրվա որոշմանն ու այդ որոշումը չեղարկելուն՝ պարոն Շահգալդյանն ասաց, որ իր համար հարցական է մնացել ինչու այդպես եղավ. «Մենք պատրաստվեցինք, հետո ինչ-ինչ պատճառներով, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ չգիտեմ՝ ինչ պատճառներով դա եղավ, գուցե գտան, որ անհրաժեշտություն չկա»:
ԱՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն էլ մեզ հետ զրույցում ընտանիքներով համայնքից մեկուսացվելու լուրը պայմանավորեց համայնքում համաճարակաբանական միջոցառումների իրականացմամբ, ասաց՝ ամենուր են նման միջոցառումներ իրականացվում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ