Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանն ընդհանուր առմամբ նորմալ է գնահատում ընտրությունների ընթացքը: Այսօր`մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Բաբայանն ասաց. «Խնդիրը լոկ այս քվեարկությունը չէ, խնդիրն այն է`մենք ի՞նչ գաղափարներով ենք գալիս ընտրատեղամաս: Մենք ասել ենք`այդ 2-3 գրամանոց քվեաթերթիկը, երբ մենք այնտեղ դնում ենք ոգի, սկզբունք, հույս, հավատք, դառնում է 100, 1000, 2000 տոննա կշիռ ունեցող, որը կարող է ոչնչացնել եւ ջարդել ցանկացած պատնեշ եւ պատ»:
Ըստ Դավիթ Բաբայանի` «ինչպիսի ընտրություն կատարենք, ում ընտրենք`այնպիսի Արցախ էլ ունենալու ենք»: Նախագահի թեկնածուի կարծիքով`Արցախի ապագա իշխանությունը`լինի դա գործադիրը, թե օրենսդիրը, արտացոլելու է Արցախի ժողովրդի պատկերը. «Ո՞ւմ ենք ուզում ենք տեսնենք, որպես երկրի ղեկավար, որպես ԱԺ-ի կազմ: Այ, սա լինելու է մեր արտացոլումը, ընդհանուր առմամբ, մեր ոգու բուն պատկերը, Արցախի բարոյահոգեբանական իսկական պատկերը»:
Ինքը` Դավիթ Բաբայանն, այսօր ընտրություն է կատարել հանուն ավելի լավ Արցախի. «Մենք ուզում ենք, որպեսզի իրոք ավելի լավ Արցախ լինի, պահպանենք լավը, փորձենք վերացնել խնդիրները եւ կարողանանք ավելի էֆեկտիվ դիմակայել մարտահրավերներին»:
Հիշեցնենք, այսօր Արցախի հանրապետությունում նախագահի եւ ԱԺ ընտրություններ են: Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում է 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ