ՀՀ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մարտի 31-ին քննարկվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ 10 օր առաջ բաժնետիրական ընկերություններից ահազանգ են ստացել, քանի որ շուտով գալիս է բաժնետիրական ընկերությունների տարեկան ժողով հրավիրելու ժամանակը, ընկերությունների ներկայացուցիչներն ուզում են այն հեռակա անցկացնել, սակայն օրենքը թույլ չի տալիս:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ընկերությունների ներկայացուցիչները, օրինակ՝ նախկինում ԿԲ իրավաբանական վարչության պետ, ներկայումս «Թիքեյ ընդ փարթներս» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը, մշակել են առաջարկությունների և փոփոխությունների նախագիծ, և հանձնաժողովի խնդիրն է արագ ընթացակարգով քննարկել այն ու հարցին լուծում տալ:
Փաթեթի վերաբերյալ որոշ դիտարկումներ եղել են ՀՀ արդարադատության նախարարության, ԿԲ-ի կողմից:
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ԿԲ-ն որոշ փոփոխություններ է առաջարկել և մանրամասնեց. «ԿԲ-ն առաջարկել է հանել օնլայն քվեարկության մասը: Համարում ենք, որ ԿԲ-ն բանկային ոլորտին լավ տիրապետում է, և նրանց առաջարկությունն ընդունելի է: Հիմա ունենք այն խնդիրը, որ եթե օրենքում փոփոխություններ լինեն և թույլ տանք ընկերություններին առցանց անցկացնել ժողովը, միևնույն է, առանց ընկերությունների կանոնադրությունների փոփոխության դա հնարավոր լինել չի կարող: Մեր այս փոփոխության հրատապությունը բխում է այն փաստից, որ սոցիալական հեռավորությունն ենք փորձում ապահովել առողջապահական ճգնաժամը կառավարելու համար: Դրա համար օրենքում ավելացվել է մի կետ, որ մինչև սեպտեմբերի 1-ը կարող են ընկերություններն առցանց կազմակերպել ժողովներ՝անկախ կազմակերպությունների կանոնադրություններից: Փաստորեն, մենք մինչև սեպտեմբերի 1-ը հնարավորություն ենք տալիս ընկերություններին առցանց իրենց կանոնադրությունները փոխել: Բոլորս էլ ասել ենք, որ ինչքան հնարավոր է պետք է փորձենք ֆիզիկական հավաքների թիվը նվազեցնել»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ո՞վ է այս ժողովի անցկացման պատասխանատուն լինելու, որպեսզի երաշխավորված լինի, որ բաժնետիրոջ քվեարկությունը եթե տեղ չհասնի, այդ կառույցը լինի դրա պատասխանատուն:
Վարուժան Ավետիքյանը պատասխանեց. «Ընկերության խորհուրդը կամ տնօրինությունն է պատասխանատու ժողով հրավիրելու հարցում: Ավելին, որոշ դեպքերում, երբ խորհուրդն օրակարգ է հաստատում, այն փոփոխման ենթակա չէ: Ժողովը պարտադրված է խորհրդի սահմանած օրակարգով շարժվել: Նաև պարտավորված է լինում խորհրդի սահմանած քվեարկության կարգով, վայրով, տեղով: Որևէ բաժնետեր չի կարող ասել, որ խորհուրդն այսինչ վայրում կամ ձևով է կազմակերպելու ժողովը, ես համաձայն չեմ: Ժողովներ կազմակերպելու լիազորությունն ամբողջությամբ խորհրդին է պատկանում»:
Նշենք, որ հանձնաժողովի քննարկումից հետո այս նախագիծը կներկայացվի ՀՀ ԱԺ լիագումար նիստի քննարկման:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ