Լրահոս
Օրվա լրահոսը

Պարետի հաշվարկներով՝ եթե բոլոր փուլերը հաղթահարենք, հնարավոր է՝ ապրիլի կեսերից, մայիսի սկզբներին ամբողջապես վերադառնանք բնականոն կյանքի

Մարտ 31,2020 17:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ եւս 10 օրով սահմանափակումները երկարաձգվելու են: Պարետ Տիգրան Ավինյանից այսօր կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին՝ մինչեւ ե՞րբ են տեւելու այդ սահմանափակումները:

Ավինյանն ասաց՝ այս պահին ունենք 532 հաստատված դեպք, 30-ը՝ առողջացած, երեքը՝ մահվան ելքով: Ապա պարետը բացատրեց սահմանափակումների անհրաժեշտությունը՝ նշելով, որ եթե կառավարությունը որեւէ քայլ չձեռնարկեր, որեւէ սահմանափակում չաներ, մարտի 1-ից հետո, 75-80 օրվա ընթացքում Հայաստանի բնակչության 89 %-ն արդեն կլիներ վարակված. «Միայն Երեւանում կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպքեր: Սահմանափակումները նպատակ ունեն վարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնել, որ այդ թիվը լինի մեկից քիչ: Դա կնշանակի, որ մեկ հոգի վարակակիրը միջինում կվարակի մեկից քիչ մարդ»:

Ըստ պարետի, եւս տասը օրով սահմանափակումների ժամկետը երկարաձգելը թույլ է տալու ամբողջապես ծավալել կանխարգելման եւ մեկուսացման աշխատանքները, օգնել Համաճարակների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնին՝ արդյունավետորեն հայտնաբերելու այն անձանց, որոնք որ վարակակրի հետ ունեցել են շփումներ եւ այդ անձանց ինքնամեկուսացնել:

«Մեր նպատակն է նաեւ ավելացնել թեսթավորման քանակները եւ այս պրոցեսին համահունչ նաեւ նվազեցնել սահմանափակումները: Այս շաբաթվա սահմանափակումները՝ տեղաշարժի եւ գործունեության տեսակների, ամենացայտուն կերպով տեսանելի էին կիրակի օրը: Եվ տարբեր ցուցանիշներով մենք համոզվել ենք, որ մարդկանց տեղաշարժն էականորեն նվազել է, որը վարակի տարածման կանխարգելման առումով շատ դրական է: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ այս սահմանափակումներն անվերջ չեն կարող լինել եւ գնում ենք այն երկրների օրինակով, որ կարողացել են արդյունավետ եւ տեխնոլոգիապես հագեցված կանխարգելել եւ մեկուսացնել: Այսինքն՝ վարակի շղթաները հայտնաբերել, ջարդել այդ վարակի շղթաները ինչ-որ մի կետում եւ շարունակել ապահովել բնականոն կյանքը: Օրինակ՝ նույն Սինգապուրում դպրոցները բաց են, չկա որեւէ մի կառույց կամ գործունեության տեսակ, որն արգելված է»:

Պարետը չբացառեց, որ հետագա տասը օրերի ընթացում մարտավարությունը փոխվի եւ սահմանափակումներն ավելի խստացվեն. «Նաեւ վերահսկողությունը պետք է ավելի արդյունավետ դարձնենք: Ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետեւ, իրապես, ծանր աշխատանք է այս վերահսկողությունը»:

Տիգրան Ավինյանի հաշվարկներով, եթե բոլոր փուլերը ինչպես որ կառավարությունը նախատեսում է հաղթահարենք, ապա ապրիլի կեսերից, մայիսի սկզբներն ընկած ժամանակահատվածում ամբողջապես վերադառնալու ենք բնականոն կյանքի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031