Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե համաճարակը տևի երկու ամիս, մենք տնտեսության V-աձև զարգացում ենք ունենալու». ԿԲ նախագահի թեկնածու

Մարտ 31,2020 17:30

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 31-ին ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի անդամները, ձայների՝ 5 «կողմ», 2 «դեմ» հարաբերակցությամբ, որոշում ընդունեցին ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել ԱԺ-ի քննարկմանը:

Նշենք, որ նրա թեկնածությունը հանձնաժողովի քննարկմանն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Երկու ժամից ավելի տևած նիստի ընթացքում Մարտին Գալստյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Անցնում ենք շատ հետաքրքիր իրադարձությունների հորձանուտի միջով, ուստի ծրագրային ելույթը կլինի ոչ այնքան ստանդարտ ելույթ այսօր: Հանդիպել եմ երեք խմբակցությունների հետ, բովանդակային քննարկումներ ենք ունեցել: Դրամավարկային քաղաքականությունը, ֆինանսական կայունությունը ԿԲ հիմնական խնդիրներից է: ԿԲ-ն այս առումով գիտելիքի առաջամարտիկի դերում պիտի շարունակի լինել, ինչը ստանձնել է: Այս իրավիճակում ֆինանսական կայունությունը գալիս է առաջին պլան: Այս խնդրով հիմա աշխարհի առաջատար ինստիտուտներն աշխատում են մեկ համընդհանուր մոդելի ստեղծման վրա, և մենք անմասն չենք այդ գործառույթներից»:

Տեղեկացնենք՝ Կենտրոնական բանկի նախագահին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի (ֆինանսավարկային եւ բյուջետային) առաջարկությամբ ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 6 տարի ժամկետով:

Ելույթի հետո հանձնաժողովի անդամները տասնյակ հարցեր հղեցին Մարտին Գալստյանին: Դիտարկմանը՝ նա հիմնականում ԿԲ-ի վարած ներկայիս քաղաքականության ջատագովն է, իր անձնական ներդրո՞ւմը որն է լինելու, Մարտին Գալստյանը պատասխանեց. «ԿԲ-ն ինստիտուցիոնալ կառույց է: ԿԲ-ի ամենադրական կողմերից մեկն այն է, որ այնտեղ աշխատում է թիմ, ոչ թե կառավարումը հիմնված է անհատի պաշտամունքի վրա: Մեր հիմնական խնդիրն է, որ ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր քաղաքացի գնողունակության անկում չունենա, եթե ավանդ է ներդնում, համոզված լինի, որ այն հետ է ստանալու ողջ տոկոսներով և այլն: Դրա համար չէի ուզի իմ դերն առանձնացնել ԿԲ-ի մեջ»:

Խոսելով Varks.am-ի հետ կապված խնդրի մասին՝ նա ասաց. «Այս պահին ԿԲ-ն varks.am-ի լուծարային կառավարչի հետ համագործակցում է: Ղեկավարման այն մարմինը, որը եղել է varks.am-ում, իրենք էլ են համագործակցում մեզ հետ: Այս մարդիկ ընդունել են իրենց կողմից արված սխալն ու թերությունը: Մեր գործունեությունն իրավաչափ է»:

Հանձնաժողովի անդամները մտահոգություն հայտնեցին՝ գնաճ է նկատվում այս օրերին: Ի՞նչ հրատապ միջոցներ է ձեռնարկելու ԿԲ-ն գնաճը զսպելու համար, Մարտին Գալստյանը պատասխանեց. «Կա որոշ ապրանքների գների բարձրացում: Առաջին անհրաժեշտության ապրանքների գները չեն թանկացել: Ընդհանուր գնաճային ֆոնն այս պահին դրական է: Բաց որոշ ապրանքների մասով պետք է դիտարկումներ իրականացնենք և զսպենք գնաճը: Սա նաև ունի օբյեկտիվ պատճառներ՝ կապված բեռնափոխադրումների հետ»:

Խոսելով կորոնավիրուսի՝ տնտեսության վրա ունեցած ազդեցությունից՝ Մարտին Գալստյանը հայտարարեց. «Պետություններ կան, որոնք թողնում են՝ էպիդեմիան հասնի պիկին ու ինքն իրեն հանգուցալուծվի. այդ դեպքում կարող է հիվանդանալ ազգաբնակչության 80 տոկոսը: Այդ դեպքում տնտեսական իրավիճակն այնքան չի տուժում, և անկումը լինում է չափավոր: Այդպիսի երկիր է Շվեդիան: Կան պետություններ, որոնք փորձում են մարդկանց կյանքը փրկելով կամ առողջապահական համակարգի վրա հավելյալ բեռ չստեղծելով՝ հաղթել կորոնավիրուսին: Դրա համար փակում են տնտեսությունը, կարանտին են հայտարարում, որը ենթադրում է, որ տնտեսությունն ավելի լուրջ է տուժելու»:

ԿԲ նախագահի թեկնածուի կարծիքով՝ այս պահին պետք է ամբողջ ռեսուրսը ներդնել առողջապահության մեջ, սոցիալական քաղաքականություն վարել:

Իսկ թե ի՞նչ կլինի հետո, Մարտին Գալստյանը կանխատեսեց. «Եթե համաճարակը տևի երկու ամիս, գոնե հաղթահարվի առողջապահական ճգնաժամը, մենք V-աձև զարգացում ենք ունենալու: Անկմանը հաջորդելու է վերականգնման արագ փուլ: Եթե համաճարակն ավելի երկար տևեց, ապա մենք կարող են տարբեր սցենարներ ունենալ տարբեր տառերի տեքսով, բայց գաղափարն այն է, որ անկումը կարող է երկար տևել: Ամփոփեմ, եթե համաճարակը տևի կարճ՝ տնտեսության ինքնավերականգնման փուլը շատ ավելի արագ կլինի և բիզնեսները կգտնեն աշխուժացման ձևը, մենք էլ բիզնեսին օժանդակության ձևը կգտնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031