«Իրականում իրավիճակը շատ ռիսկային է, եւ բոլորիս կոչ եմ անում՝ շատ լուրջ վերաբերվել այս խնդիրներին, մանավանդ, որ աշխարհի վիճակագրությունը շատ ավելի վատն է, քան մեր վիճակագրությունը: Այս պահի դրությամբ աշխարհում վարակվածների թիվը հասնում է 801 հազարի: Կանխատեսելի է, որ անխուսափելիորեն 1 միլիոնը հատվելու է: Մահերի թիվը հասնում է 38 749-ի, բուժվածները 172 317-ն են: Տեսնում ենք, որ բուժվածների եւ հիվանդների թվի մեջ շատ մեծ անհամապատասխանություն կա: Այս վիճակագրությունը ճշգրտորեն արտահայտված է նաեւ մեր մոտ, ինչը նշանակում է, որ իրավիճակը շատ ռիսկային է, եւ մենք պետք է դրամատիկ միջոցներ ձեռնարկենք այս իրավիճակը կառավարելու համար:
Սիրելի հայրենակիցներ, ըստ էության մենք այսօր ստիպված ենք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների մի շարք կենսական իրավունքներ սահմանափակել: Բայց էլի եմ ասում՝ ակնհայտ է, որ այս ամենը մենք չենք անում ինչ-որ քաղաքական նպատակներով, քաղաքական նկրտումներ ունենալով: Սա անում ենք իրավիճակը կառավարելի պահելու եւ ի վերջո կորոնավիրուսը հաղթահարելու համար: Եվ նաեւ սրա հետ է կապված օրենսդրական այն փոփոխությունը, որը կառավարությունը առաջարկել է, իսկ Ազգային ժողովը ցավոք չընդունեց: Այսինքն, բավարար չեղան քվեարկության ձայները: Բայց հիմա փնտրվում է եղանակ՝ նորից Ազգային ժողով ներկայացնելու այդ նախագիծը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն այնուհետեւ ուղիղ եթերի ակնդիրներին բացատրեց այդ նախագծի կարեւորությունը ենթադրյալ վարակակիրների տեղորոշումն իրականացնելու եւ նրանց շփումների շրջանակը ճշտելու համար: «Այս համակարգը մեզ հնարավորություն կտա, որպեսզի բջջային հեռախոսների տվյալները վերլուծելով՝ նախ մարդկանց իրազեկել, երկրորդը՝ նաեւ հասկանալ այն շրջանակը, որի հետ պետք է աշխատենք եւ փորձենք հասկանալ, թե ովքեր են պոտենցիալ վարակակիրները»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ իրենք հաճույքով չէ, որ այս սահմանափակումներին գնում են: Բայցեւ հասկանում են՝ առանց այս միջոցների կիրառման, իրավիճակների հետագա զարգացումը կարող է դառնալ շատ ավելի անկանխատեսելի»:
Վարչապետը հույս հայտնեց, որ բոլորը հասկանում են այս իրավիճակը, որ ստեղծվել է եւ առնվազն, տհաճ է կառավարության եւ անձամբ իր համար: Սակայն առաջանում են բազմաթիվ չնախատեսված պրոբլեմներ եւ դրանց պատասխանատուն կառավարությունն է ու ինքը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ