Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանկավարժ. «Առցանց դաս պարապելու զվարճալի կողմն այն է, որ «դասարան» մտնելիս օծանելիք եմ ցանում»

Մարտ 31,2020 17:10

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՀՀ կրթական հաստատություններում դասերն անցկացվում են հեռավար մեթոդով: Բժիշկներից, ոստիկաններից բացի` նաեւ ուսուցիչներին են այսօր համարում «առաջին գծում» աշխատողներ: Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության երկարամյա ուսուցչուհի Սիրանուշ Պարոնյանը նրանցից մեկն է: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, թե ինչպես են աշակերտները հարմարվել ուսուցման առցանց ձեւաչափին, նաեւ որոշ զվարճալի դրվագներ պատմեց:

Տիկին Պարոնյանն ասաց, որ zoom հարթակը չի հավանել եւ աշխատում է ֆեյսբուքի զրուցարանով, խմբային տեսազանգի միջոցով. «Դասացուցակ ենք կազմել, երեք-չորս րոպե առաջ գրում եմ՝ երեխաներ, խնդրում եմ հավաքվեք, շուտով զանգը կհնչեցնեմ: Հավաքվում են, միացնում եմ ու դասը սկսում ենք մեր վիրտուալ դասարանում: Երեխաներն ինձ տեսնում են, ու ինչպես դասասենյակում դասեր անցկացնելու ժամանակ, այստեղ եւս ստուգում եմ աշխատանքները, դաս եմ բացատրում, հանձնարարություններ տալիս: Իրենք գրքով ու տետրով նստած են լինում: Ասում եմ՝ բացեք այսինչ էջը, այսինչ պարագրաֆը… Այդպես միասին աշխատում ենք»:

Նա տեղեկացրեց, որ ստեղծել է խմբեր՝ իր պարապած տարբեր դասարանների համար, որպեսզի խառնաշփոթ չստեղծվի: Սիրանուշ Պարոնյանը դասավանդում է վեցերորդ, ութերորդ, իններորդ եւ տասներկուերորդ դասարաններում:

Հարցրինք՝ պատահո՞ւմ է, որ վիրտուալ դասասենյակները շփոթի: Ուսուցչուհին ժպտալով պատմեց, որ երբեմն սխալմամբ ուրիշ դասարանի է զանգում: Հավելեց, որ որպեսզի շփոթ չլինի, խմբային զրուցարաններին իր պարապած դասարանների անուններն է տվել: «Մի անգամ պատահական սեղմեցի, զանգը տվեցի, տեսնեմ 9-ի Բ դասարանն ամբողջ կազմով «նստած» է, բայց ես ուրիշ դասարանում դաս ունեի: Ասացի՝ երեխեք ջան, կներեք, ես պետք է 6-րդ Բ դասարան մտնեի: Բոլորս սկսեցինք ծիծաղել: Դա նման է նրան, որ երբեմն դպրոցում մատյանը վերցրած՝ ուրիշ դասարան էինք մտնում»:

Ուսուցչուհին ժպտալով պատմում է, որ մի անգամ հողաթափերը հանել, կոշիկներ է հագել վիրտուալ դասից առաջ, կատակով ասում է. «Գոնե մեկ-մեկ հագնենք, չմոռանանք, որ նման կոշիկներ ենք կրել դպրոց գնալիս… Առցանց դաս պարապելու զվարճալի կողմն այն է, որ ամեն անգամ «դասարան» մտնելիս նաեւ օծանելիք եմ ցանում: Ու քանի որ տեսազանգի ժամանակ երեխաներն ինձ տեսնում են, աշխատում եմ խնամված տեսք ունենալ»:

Մանկավարժից պարզեցինք, որ 9:30-ից «դասարան» է մտնում, ժամերը հստակ են, որովհետեւ աշակերտները այլ դասեր էլ են առցանց պարապում: «Օրինակ 9Բ դասարանում ամեն օր ժամը 3-ից 4-ն եմ պարապում, իրենք առույգ նստում են, նույնն էլ առավոտյան ժամերին: Քանի որ տեսազանգով հնարավոր է մինչեւ 7 հոգի միանա, մի քանի խմբով ենք պարապում: Մի անգամ շատ զավեշտալի բան տեղի ունեցավ: Մի խմբի հետ դասն ավարտեցինք, մտա հաջորդ խումբ՝ տեսնեմ արդյոք հավաքվե՞լ են: Ընդամենը մի տղա է նստած: Հարցրի՝ Նորիկ ջան, էդ մենակ ե՞ս: Ասաց՝ ընկեր Պարոնյան, Մարտիկը մի րոպեով դուրս եկավ հայտարարություն անի, որ քանի ազատ տեղեր կան, միանան»:

Մանկավարժից տեղեկացանք, որ երբեմն ծնողները միջամտում են երեխաների դասերին, իհարկե մեծ մասը թույլտվություն է խնդրում դասը լսելու համար: Պատմեց, որ օրինակ՝ Լենկթեմուրի ու Գոշավանքի մասին դասն անցնելիս, ընդհանուր հարցրել է, թե ով էր Լենկթեմուրը, մեկ էլ լսել է, թե ինչպես է երեխայի տատիկը սխալ հուշում, որ Լենկթեմուրն արաբ էր. «Երեխային, որն, ի դեպ, լավ սովորող էր, բացատրեցի, թե ով էր Լենկթեմուրը, հիշեցրի, որ մոնղոլ թաթարների առաջնորդն էր, աշխարհակալ էր… Փորձեցի հուշող տատիկին, որը էկրանին չէր երեւում, հասկացնել, որ սխալ են հուշում, մեկ էլ նորից լսեցի նրա ձայնը: Երեխային ասում էր՝ էդ ի՞նչ է, ասում է՝ սխա՞լ է: Ես միշտ երեխաներին խորհուրդ եմ տալիս առանձնանալ դասերի ժամանակ ու չօգտվել հարազատների հուշումներից»:

Սիրանուշ Պարոնյանը մեր զրույցի ավարտին լավատեսորեն նշեց. «Սա էլ մի յուրատեսակ քննություն է, որ հանձնում ենք: Ի վերջո, ամեն ինչ լավ է լինելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Սիրանուշ Պարոնյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031