Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրորդ փուլի դեպքում շատ ավելի մեծ խնդիրներ կունենանք, լավ կլինի, որ առաջին փուլով ավարտենք». Աշոտ Ղուլյան

Մարտ 31,2020 17:00

«Մեկ ամսից ավելի է՝ քարոզում եմ հանուն ժողովրդավարական Արցախի ապագայի: Պարզ է, որ իմ քվեարկությունն էլ դրա օգտին է»,- այսօր քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախագահ, ԱԺԿ նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը`բարձր գնահատելով իր եւ իր թիմի հնարավորությունները:

Հիշեցնենք, այսօր Արցախի հանրապետությունում նախագահի եւ ԱԺ ընտրություններ են: Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում է 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:

Ըստ Աշոտ Ղուլյանի, իրենց անցկացրած քարոզարշավը փաստում է, որ հանրության մեծամասնության մոտ բոլոր այն արժեքները, որոնք ներկայացվել են իրենց կողմից, շատ ճիշտ են ընկալվում, շատ լավ են ընկալվում: «Այն, ինչը մարդիկ հանդիպումների եւ զրույցների ժամանակ են ներկայացնում, պետք է կարողանան նաեւ իբրեւ սկզբունք, պահել ընտրատեղամասերում»,- ասաց Աշոտ Ղուլյանը:

Ընտրություններին, քաղաքացիների մասնակցության ակտիվությունն ըստ բանախոսի, խոսում է այն մասին, որ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, Արցախի ժողովուրդը տրամադրված է հերթական ժողովրդական, ազատ ընտրություններում ձեւավորելու իր իշխանությունները. «Հուսով եմ ամեն ինչ կլինի այնպես, որ մեր ժողովուրդը գոհ կմնա ընտրություններից»:

Պատասխանելով երկրորդ փուլի հավանականության մասին հարցին, Աշոտ Ղուլյանն ասաց`հավանականությունը 50/50 է, թեեւ նախկինում կարծում էր, որ վերջին օրերին կողմնորոշվելն ավելի հեշտ կլինի. «Բայց կարծում եմ, որ երկրորդ փուլի դեպքում շատ ավելի մեծ խնդիրներ կունենանք, լավ կլինի, որ առաջին փուլով ավարտենք»:

Ինչ վերաբերվում է այն տեսակետին, թե միջազգային դիտորդների բացակայությունն այս ընտրություններին կստվերի ընտրությունների լեգիտիմությունը, Աշոտ Ղուլյանը հակադարձում է`ցանկալի կլիներ, որ միջազգային դիտորդներ մասնակցեին ընտրական այս գործընթացին, բայց դա կապված չէ միայն Արցախի հետ, համաշխարհային առումով տեղաշարժերի խնդիր է. «Իհարկե, կասկածի տակ չի դնում»: Նա վստահ է, որ տեղական դիտորդները կանեն առավելագույնը, որպեսզի ազատ ու թափանցիկ ընտրություններ կայանան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031