Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ որպես ճգնաժամային իրավիճակում ԿԲ կառավարիչ, երբ մեկօրյա փորձ անգամ այն կառույցներում չունեք, որոնք այդ ճգնաժամի կրողներն են». Մանե Թանդիլյանը՝ ԿԲ նախագահի թեկնածուին

Մարտ 31,2020 16:42

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում մարտի 31-ին քննարկվեց Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ հանձնաժողովին միայն «Իմ քայլը» խմբակցությունն է ներկայացրել թեկնածություն: Նա ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանն է:

Տեղեկացնենք՝ Կենտրոնական բանկի նախագահին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի (ֆինանսավարկային եւ բյուջետային) առաջարկությամբ ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 6 տարի ժամկետով:

Մարտին Գալստյանի ելույթից հետո հանձնաժողովի անդամները տասնյակ հարցեր հղեցին ԿԲ նախագահի թեկնածուին: Մանե Թանդիլյանը փաստեց՝ 1998-ից սկսած աշխատանքային փորձ ունեք մեկ գործատուի մոտ, որը ԿԲ-ն է ու հարցրեց՝ երբևէ այլ գործատուից աշխատանքի առաջարկ ստացե՞լ եք: Մարտին Գալստյանը պատասխանեց. «Բազում առաջարկներ եղել են ոչ միայն ՀՀ-ում: ԱՄՆ-ում ապրելու և աշխատելու առաջարկ էլ է եղել: Բայց այդ բոլոր առաջարկները մերժվել են, քանի որ կարծում եմ՝ իմ կյանքի գործը հանրային ծառայող լինելն է: Դրա համար ես բիզնես դպրոց չեմ գնացել, այլ հանրային կառավարման դպրոց: Ամեն մարդ իր կյանքում կոչում ունի ինչ-որ բան անելու: Ես միշտ կարծել եմ՝ հանրային տիրույթում մնալով՝ իմ երկրին կարող եմ բերել առավելագույնը, քան աշխատել առևտրային բանկում: Ինչ վերաբերում է գործատուին, ապա նշեմ, որ Ամերիկյան համալսարանն էլ է իմ գործատուն, Համաշխարհային բանկն է եղել իմ գործատուն: Եթե համադրում եմ այն, ինչի վրա կարող եմ ծախսել իմ ժամանակը, ապա ես նախընտրում եմ իմ ժամանակը ծախսել սերունդ կրթելու, ոչ թե գումար վաստակելու վրա»:

Մանե Թանդիլյանը նաև հարցրեց՝ 22 տարիների ընթացքում ի՞նչ եք արել, որ արժանացել եք բարձր հեղինակության. «Դուք մեզ համար, ինչպես Դուք եք սիրում օտար բառեր օգտագործել՝ visible դարձրեք Ձեր՝ հեղինակավոր լինելը, ինչո՞վ կհամոզեք, որ Դուք, որպես ԿԲ նախագահի թեկնածու՝ այդ դրույթին համապատասխանում եք», թեկնածուն պատասխանեց. «Նշանակվել եմ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն: Կենտրոնում մենք արել ենք շատ բաներ, որոնք առնչվել են թե′ արդյունաբերության հետ, թե′ փորձել ենք օգնել արդյունաբերությանը և ստեղծել կամուրջ: Դիլիջանը դարձել է կենտրոն, որտեղ երազում են գալ և իրենց ամառային պրակտիկան անցնել աշխարհի հեղինակավոր բուհերի ուսանողներ: Իսկ առևտրային ոլորտում փորձ չունենալու մասին ասեմ, որ ոչ Բեն Բեռնանկեն, ոչ մյուսները, չէի ուզում ինձ համեմատել այդ մարդկանց հետ, չեն եղել առևտրային ոլորտում: Կարծիքները տարբեր են՝ ԿԲ ամենալավ նախագահները եղել են մասնավոր հատվածի՞ց, թե՞ հանրային: Մասնավոր հատվածի հետ առնչվելը, դրանում ներգրավված լինելն ունի իր առավելությունը, բայց կա այն, ինչ կա: Չեմ կարող իմ կենսագրությունը սրբագրել: Առաջարկներ եղել են բազում, բայց ես իմ գիծը շարունակաբար տարել եմ: Կարծում եմ՝ ԿԲ պարագայում դա արդարացված է, քանի որ ԿԲ-ն հանդիսանում է գիտահետազոտական ինստիտուտ, որն օժանդակում է կառավարությանը»:

Մանե Թանդիլյանը նաև հարցրեց՝ հատկապես Ձեր հեղինակությամբ որևէ առաջարկ կառավարությունն օգտագործե՞լ է այսօրվա ճգնաժամային փաթեթներում, Մարտին Գալստյանը պատասխանեց. «Կառավարությունը վերցրել ու կիրառում է իմ ուսուցիչների հեղինակած գրաֆիկները: Օրինակ՝ այն փաթեթը, որը վերաբերում է սոցիալական բաղադրիչին, դրանում իմ զգացողությամբ իմ առաջարկություններից ինչ-որ դրվագներ ներառվել են»:

Մանե Թանդիլյանը նաև հիշեցրեց, որ Մարտին Գալստյանն իր հարցազրույցներից մեկում կանխատեսել էր, որ կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսական գործընթացների վրա մինչև այս տարվա երրորդ եռամսյակն է տևելու և հարցրեց՝ արդյոք սա շարունակո՞ւմ է պնդել, քանի որ արդեն երկրորդ եռամսյակն է, Մարտին Գալստյանը պատասխանեց. «Միգուցե թյուրըմբռնումներ կան, բայց խոսքը երկրորդ եռամսյակի վերջի մասին էր: Բազային սցենարով մինչև հունիս է իմ կանխատեսումը: Այս պահի դրությամբ ռիսկերը բազային սցենարից շեղվելու ուղղակի շատ ավելի մեծ են»:

Մանե Թանդիլյանը նկատեց՝ իր փորձառությունը հիմնականում դրամավարկային քաղաքականության ոլորտում է, բայց ԿԲ-ն հայտարարել է գների աճի և ֆինանսական կայունությունը իր առաջնահերթություն, հետևաբար առևտրային բանկում որևէ փորձառություն չունենալու պարագայում ինչպե՞ս է պատկերացնում իրեն՝ որպես ճգնաժամային իրավիճակում ԿԲ կառավարիչ, երբ մեկօրյա փորձ անգամ այդ կառույցներում չունի, որոնք դրա կրողներն են: Այս առիթով Մարտին Գալստյանը նշեց. «Իմ վերջին մեկուկես տարվա գործունեությունը՝ որպես ԿԲ խորհրդի անդամ, մեծապես առնչվել է այդ թեմաների հետ: Չգիտեմ ոնց, բայց հավաստիացնեմ, որ այն, ինչ վերաբերում է մեթոդների կիրառմանը և այլ խնդիրների, բավականին տիրապետում եմ»:

Մանե Թանդիլյանը փաստեց՝ ԿԲ-ն 2009-ից շարունակաբար չի հրապարակում անպարտաճանաչ վարկառուների ցանկը, ուստի որպես ԿԲ նախագահի թեկնածու՝ ո՞րն է նրա դիրքորոշումը, իր պաշտոնավարման օրոք ԿԲ-ն հրապարակելո՞ւ է այդ ցանկը, Մարտին Գալստյանը պատասխանեց. «ԿԲ նախագահը ով էլ լինի, դա չի անելու, քանի որ դա գիտակցված ընտրություն է, ոչ թե կապրիզ: Եթե դա անի ինչ-որ մեկը, ապա կխախտի երկրի մայր օրենքը: Ես չգիտեմ՝ ոնց է ընդունվել այդ օրենքը և ինչու: Արդյոք խախտել այդ օրենքը, թե Սահմանադրությունը, մեր իրավաբանները խորհուրդ են տալիս՝ գերադասելի պիտի լինի երկրի մայր օրենքը: Ընդունում եմ՝ կա մեր բացթողումը: Այս պահի դրությամբ եթե մենք գնանք հրապարակման ճանապարհով, կարծում եմ՝ այստեղ մի քիչ իրավական հարցեր կան: Մարդիկ ասում են, եթե հրապարակվեն այդ ցուցակները, խախտելու ենք Սահմանադրության երկու հոդված և անձնական տվյալների վերաբերյալ օրենք»:

Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Ամեն տեսակ պատասխան Ձեզնից սպասում էի բացի խոստումը ԱԺ-ում օրենքը խախտելու, որը փաստացի այդպես է հնչում ձեզնից: Դուք ԱԺ-ում եք և ասում եք, որ օրենքը չեք կիրառելու: Դուք 22 տարի ԿԲ-ում էիք աշխատում, կարող էիք անել փոփոխություն, այլ ոչ թե ԱԺ-ում հորդորել մնացածներին խախտել օրենքը: Կներեք՝ Ձեր պատասխանի՝ իմ ընկալումը այդպես է հնչում, և դա լավ չէ: Ես չեմ տեսնում Ձեր թեկնածուն՝ որպես համապատասխան»:

Հանձնաժողովի անդամների ձայների՝ 5 «կողմ», 2 «դեմ» հարաբերակցությամբ հանձնաժողովը որոշում ընդունեց Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել ԱԺ-ի քննարկմանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031