«Այնքան էլ ուշքս չի գնում մեր առողջապահության նախարարի համար, բայց մեր առողջապահության նախարարության աշխատակիցներն անում են ամեն ինչ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը եւ այն տապալվեց:
Սասուն Միքայելյանն ասաց, որ եթե իշխանությունն ուզենա՝ յուրաքանչյուրին էլ կարող է գաղտնալսել՝ հատկապես, որ մի քանի ամիս առաջ օրենք ընդունեցին այն մասին, որ ոստիկանությունը կարող է գաղտնալսել. «Տարրական բաներ կան, որ պետք չի ուռճացնել: Հրապարակային իշխանությունը, կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել, որ այսպիսի բան պիտի անի, այսինքն, քայլ ենք անում՝ ինչքանով օգուտ կտա՝ 5 հոգու, 10 հոգու, կամ ընդհանրապես օգուտ չի տա, կարեւորը՝ քայլ է արվում: Իսկ գաղտնալսելուց պետք չի տրագեդիա սարքել, թե աշխարհի վերջն է, իշխանությունն այս ի՞նչ է անում: Բան չի անում: Հետեւում է՝ քաղաքացիների կյանքը փրկելու համար»:
Սասուն Միքայելյանը երեկվա նիստին չի մասնակցել, չի իմացել, որ արտահերթ նիստ կա, ասաց՝ սոցցանցերում հետեւել է քննադատություններին. «Վախենում էի: Ես, որ ոչ մի բանից չեմ վախեցել սաղ կյանքս, ասի՝ չգնա՞մ կողմ քվեարկեմ, խայտառակ լինենք: Բայց այսօր իմ կարծիքն էլ է փոխվել, որովհետեւ մի բան եմ հասկացել՝ բոլորս անզոր ենք, աշխարհն է անզոր համաճարակի դեմ պայքարելու համար, նման քայլերով պիտի դեմն առնենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ