«Ես այս համապետական ընտրություններն ընկալում եմ որպես իրադարձություն: Այս տարիների ընթացքում բոլոր ընտրությունները նպաստել են մեր երկրի անվտանգության աստիճանը ավելի բարձր դարձնելուն»,- այսօր` մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Արցախում կայացած նախորդ բոլոր ընտրություններն, ըստ Բակո Սահակյանի, նպաստել են երկրի տնտեսությունը զարգացնելուն, Արցախում կյանքի շարունակությունն էլ ավելի հաստատակամություն հաղորդելուն. «Արցախի պատկանելիության յուրահատկությունն այն է, որ Արցախը չի պատկանում միայն արցախցիներին, այն հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին: Մենք այսքան երկար տարիներ զբաղված չենք եղել միայն արցախցիների ֆիզիկական անվտանգության ապահովմամբ, մենք զբաղված չենք եղել միայն Արցախի քաղաքացիների բարեկեցության աստիճանը բարձրացնելով: Մենք գիտակցել ենք, որ իրականացնում ենք հատուկ առաքելություն, այն է՝ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելու: Ես շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ մեր ժողովուրդը գիտակցում է այդ առաքելության կարեւորությունը»,-ասաց Բակո Սահակյանը:
Այսօր կայացող ընտրությունները Բակո Սահակյանի համար յուրահատուկ հնարավորություն են ապագայում այդ առաքելությունն առավել արդյունավետ կատարելու համար: Նա վստահ է`հետագայում հենց այդպես էլ լինելու է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ