«Ի՞նչ եք արել դուք: Ունեիք հնարավորություն առաջարկ ներկայացնելու, ներկայացրե՞լ եք՝ ոչ: Այս «շատ վատ, խայտառակ օրենքը», որը կա, ի՞նչ եք արել, որ փոփոխվի: Պարոն Մարուքյան, մեր կողմից են առաջարկություններ արվել, մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ: Իսկ ի՞նչ եք արել դուք, հարգելի ԲՀԿ եւ ԼՀԿ մեր գործընկերներ: Ես հասկանում եմ, որ եկել է այն ժամանակը, որ պետք է մտածել՝ ճա՞ռ ասել, թե՞ զանգ կախել: Հա, զանգ կախելը դժվար է, հատկապես՝ վախի մթնոլորտում»,- այսօր ԱԺ նիստում իր ելույթում դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը եւ այն տապալվեց:
Նազելի Բաղդասարյանն ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին ասաց, որ իրենցից որեւէ մեկը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, երբ նախագիծը քննարկվում էր, չի մասնակցել. «Բացի ճառ ասելուց, օրենսդրական գործունեության արդյունավետությունը այս նախագծի շրջանակում ընդդիմության կողմից եղել է զրո, ներկա չեն եղել անդամները: Բա սրա՞ համար են ձեզ հարկ վճարողներն աշխատավարձ տալիս: Չեք արել ոչինչ»:
Նազելի Բաղդասարյանն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Վերջինս ասել է, որ սահմանափակումները պետք է հստակ լինեն, բայց հանրային առողջությունը վեր է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ