«Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների, գործողությունների, որոնց հետեւանքով կվտանգվի Արցախի քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը»,- այսօր` մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը`պատասխանելով հարցին` ինչո՞ւ ընտրությունները չհետաձգվեցին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակ կա եւ բոլորին կոչ են անում տանը մնալ:
Հիշեցնենք, Արցախի հանրապետությունում այսօր նախագահի եւ խորհրդարանական ընտրություններ են:
«Մենք անցկացրել ենք բազմաթիվ քննարկումներ եւ եկել ենք այն տրամաբանական որոշման, որ ունենք բոլոր նախադրյալները Սահմանադրության պահանջների համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու: Ինչպես գիտեք, այս պահի դրությամբ չի գրանցվել կորոնավիրուսի դեպք Արցախում: Մեր միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում մենք մշտական դիտարկում ենք անցկացնում: Այդ որոշումը եղել է գիտակցված եւ հիմնավորված»,- ասաց Արցախի նախագահը:
Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ինչո՞վ է զբաղվելու Բակո Սահակյանը` նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: Նա հիշեցրեց` նախկինում էլ առիթ ունեցել է ասելու, որ նպատակ ունի մնալու Արցախում եւ իր հնարավորությունների շրջանում օգտակար լինել մեր ժողովրդին ու հայրենիքին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ ՓԻՐՈՒՄՅԱՆԻ