«Ժողովուրդ ջան, քաղաքական մեծամասնություն ջան, հարգելի ընդդիմադիրներ ջան, մի հատ եկեք մոռանանք այս քննարկումը, հասկանանք ինչ է»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը եւ այն տապալվեց:
Միրզոյանն ընդգծեց,որ հեռախոսային խոսակցություններն այս նախագծով չեն լսելու, արտակարգ իրավիճակի պայմաններում հեռախոսային կոնտակտի փաստը չի արձանագրվելու. «Արձանագրվելու է միայն համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, այսինքն, երբ որ կա որեւէ վարակ, որը համաճարակ է, չգիտեմ համաճարակը ոնց բացատրեմ՝ զանգվածային մեծ վտանգ է ներկայացնում՝ մահացության որոշակի տոկոսով ու մարդկային կյանքեր փրկելու համար պարալիզացված է ամեն ինչ, առաջացել է արտակարգ իրավիճակ, անհրաժեշտ է որոշ սահմանափակումներ մտցնել: Սրա մասին է խոսքը»:
Միրզոյանը զարմացած էր. «Մեզ մեղադրում են մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման մեջ, մեզ, որ կյանքի մեծ մասն անցկացրել ենք այդ իրավունքների համար պայքարելով: Հիշում եք չէ՞, Էյնշտեյնն ասում էր՝ ամեն ինչ հարաբերական է»:
Կարդացեք նաև
Միրզոյանը հիշեցրեց, որ ժամանակին՝ 2017-ին, ընտրողների ցուցակները չէին հրապարակում, իրենք պայքարում էին, որ գաղտնիությունը որոշակի խախտվի եւ ընտրածների ցուցակները հրապարակվեն. «Ժողովուրդ ջան, ամեն ինչ հարաբերական է, դուք եկել եք, ամոթանք եք տալիս մեծամասնությանը, ասում եք՝ առողջապահության հանձնաժողովի նախագահն ասաց՝ զրո է ազդեցությունը, նախ, չի ասել զրո է, ասել է՝ ձգտում է զրոյի, էական տարբերություն կա: Նայեք, ես էլ եմ համաձայն, այս ֆիլտրով անցած մարդկանց տոկոսը փոքր է լինելու, որովհետեւ լինելու են WhatsApp, Signal, մարդիկ կարող են չզանգել, բայց շփվել իրար հետ: Բայց ինչ-որ փոքր տոկոս էլ անցնելու է այս ֆիլտրով ու այդ փոքր տոկոսը, եթե նույնիսկ 0,01 է, դա տասնյակ հարյուրավոր, գուցե հազարավոր մարդկանց կյանք փրկի: Իսկ ի՞նչ, եթե ձեզանից կախված լինի մի մարդու կյանք, դուք ընկնելու եք զանազան իրավունքների հետեւի՞ց, թե՞ փրկելու եք այդ մի մարդու կյանքը, իսկ ի՞նչ, եթե այդ մի մարդը ձեր անմիջական շրջապատից է: Այդ ժամանակ ասելու եք՝ ինչի՞ սահմանափակում մտցվեց, թե՞ ասելու եք՝ ինչ հնարավոր է արեք, այդ մի մարդու կյանքը փրկեք: Ժողովուրդ ջան, աշխարհը փոխվում է սրընթաց, երկիր կա՝ կործանվում է: Հիմա մեր իշխանությունները օրուգիշեր ճռռում են, բերում են ինչ-որ օրենքի նախագիծ, ասում են՝ մեզ այս գործիքն էլ է պետք: Անթերի՞ է այդ գործիքը, ո՛չ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ