Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա չի կարող հաճույք պատճառել». Բակո Սահակյանը` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դատական գործերի մասին

Մարտ 31,2020 15:35

«Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել ոչ ինձ, ոչ միայն Արցախի քաղաքացիներին, ավելի քան համոզված եմ`ՀՀ քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին, որովհետեւ մենք խոսում ենք առաջնորդների մասին, ովքեր ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը եւ սկզբնական շրջանում նաեւ կազմակերպել են զինված դիմադրությունը»,- այսօր Ստեփանակերտում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` պատասխանելով հարցին`Դուք ի՞նչ զգացողություն եք ապրում`տեսնելով այն կադրերը, երբ Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տանում են մեկուսարան, մեկուսարանից բերում են դատարան, ի՞նչ զգացողություն եք ապրում տեսնելով Սերժ Սարգսյանի ներգրավումը դատական գործընթացում:

Բակո Սահակյանը նկատեց, որ հետագայում այդ մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, իրենց մասնակցությունն են ունեցել հայրենիքի բարօրության ապահովմանը. «Պարզ է, որ նրանց ներկայիս վիճակը չի կարող չառաջացնել այդ ոչ հասարակ, այսպես ասած, տրամադրությունները մեր ժողովրդի մոտ»:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հավելեց`այդ մարդկանց իշխանության տարիներին «մարտի 1» է տեղի ունեցել, տասը մարդ սպանվել են, սպանության պատասխանատուներին տարիներ շարունակ չեն գտել: «Եթե դուք նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զսպվածությունը, հանգստությունը, մեր խոսքը կառուցելուց, մեր մեկնաբանությունները տալուց մենք իրավական գնահատականներ չենք տվել: Լինի դա մեր միջնորդությունը դատարանում, լինեն այլ գործողություններ`իմ, մեր կողմից նախաձեռնված, միայն ու միայն նպատակ էին հետապնդում`իմ կողմից նշված իրողությունը հաշվի առնելով: Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել: Այսօր կա դատական գործընթաց, մենք պարտավոր ենք ցուցաբերել այդ անհրաժեշտ վերաբերմունքը եւ հարգել նաեւ դատական գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումները»,- պատասխանեց Բակո Սահակյանը:

Նա նաեւ ասաց, որ իր անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար որեւէ կերպ չի կարող մեկնաբանվել ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ: «Դեմ եմ այդպիսի մեկնաբանություններին: Վերջին հաշվով, մենք խոսում ենք մեկ հայրենիքի մասին եւ այդ զարգացումները տեղի են ունենում մեկ հայրենիքի շրջանակներում: Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում`երկու պետությամբ եւ ես չեմ գտնում, որ միջնորդությունները խախտում են ձեր կողմից նշված կարգերն ու կանոնները: Ճիշտ հակառակն եմ մտածում»,- ասաց Բակո Սահակյանը` հավելելով, որ այսուհետ էլ նման մտածելակերպով է առաջնորդվել եւ չի կարծում, որ այդպիսով լրացուցիչ լարվածություն է սերմանվում կամ լրացուցիչ դժվարություններ են ստեղծվում: «Մենք խոսում ենք այնպիսի իրադարձությունների մասին, այնպիսի դերակատարների մասին, որ մենք չենք կարող անտարբեր լինել: Նախկինում, այսօր եւ ապագան էլ լինելու այնպիսին, ինչպես ես ինձ ցուցաբերել եմ նախորդ ժամանակաշրջանում»,- ասաց Բակո Սահակյանը` հավելելով, որ եթե անհրաժեշտություն լինի նաեւ Սերժ Սարգսյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնել, ինքը դա կանի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆԻ/CivilNet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031