Այսօր ԱԺ նիստում կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քվեարկության դրվեց ու չընդունվեց:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ԲՀԿ-ականներին չմասնակցել քվեարկությանը, քանի որ «Իմ քայլից» ներկա էին 65 պատգամավոր ու նախագիծը չէր ընդունվի:
Արման Բաբաջանյանն էլ ասաց, որ այսօր հաստատված 50 նոր դեպք կա ու պատգամավորներից պատասխանատու մոտեցում է ակնկալվում ու հանուն դրա պետք է միասնական լինել ու կողմ քվեարկել. «Ես կողմ եմ քվեարկելու առաջարկված նախագծին»:
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ այս իրավիճակում միասնական ֆրոնտով գործելու կոչերը ողջունում է. «Անհրաժեշտ է, որ ձեռնարկենք արտակարգ միջոցառումներ՝ կանխելու վիրուսի տարածումն ու կյանքեր փրկելու համար: Խնդրում եմ ու կոչ եմ անում ձեզ նույնպես քվեարկել կողմ: Կորոնավիրուսի տարածման արագությունը չափազանց մեծ է եւ պահանջում է նույն կերպ արագ ձեռնարկվող քայլեր: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին»:
Իմքայլական Ծովինար Վարդանյանն ասաց. «Ասացվածք կա՝ էծի պարը կամրջին է բռնում: Հարգելի ընդդիմություն, ընդդիմության անդամներ, չեմ կարծում, որ սա այն պարն է, որ ճարպկություն ցուցաբերենք ու արկածախնդրությամբ զբաղվենք: Քաղաքացիները սպասում են այստեղ կայացվող որոշումներին: Քվեարկելուց առաջ մի պահ գնացեք մի քանի տարի հետո, երբ կորոնավիրուս էլ չի լինի ու հետադարձ հայացքով նայեք այսօրվա ձեր կայացրած որոշմանը».
Չնայած այս հորդորներին՝ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը եւ նախագիծը 65 «կողմ»-ով չանցավ:
Քվեարկությունից հետո Մակունցը հայտարարեց. «Այսօր ընդդիմությունն իր կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի մեր բուժհամակարգը պարալիզացվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ