Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, հետեւաբար՝ «մադրիդյան» փաստաթուղթն էլ չկա». Մայիլյան

Մարտ 31,2020 15:07

«Ադրբեջանը միշտ էլ խախտել է հրադադարի ռեժիմը: Մենք զսպման քաղաքականություն ենք վարելու: Ներսից ապահով Արցախ ունենալը կապահովի սահմանների անվտանգությունը»,-Արցախի ընտրատեղամասերից մեկում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ի սահմանին Ադրբեջանի սադրանքին, որի հետեւանքով նաեւ երեխա է վիրավորվել՝ ասաց Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի թեկնածու  Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով՝ Դուշանբեի հանդիպումից հետո իրավիճակն իսկապես կայուն է եղել բանակի եւ ժողովրդի համար. «Մեր նպատակն է՝ հրադադարի խախտումները վերացնելը»:

Արցախյան հակամարտության լուծման տեսլականին անդրադառնալով՝ Մասիս Մայիլյանն ասաց. «Արցախը պետք է լիարժեք մասնակցի բանակցային գործընթացին՝ Մինսկի խմբի հովանու ներքո: Զուգահեռ պետք է շարունակենք Արցախի միջազգային ճանաչումը: Մեծ հաշվով, հիմա որեւէ բանակցություն չկա, կան խորհրդատվություններ, հանդիպումներ: Մենք հասնելու ենք նրան, որ Արցախը մասնակցի բանակցություններին: Ձեւաչափը խեղված է: Անգամ Ադրբեջանն է ասում, որ դրանք խորհրդատվություններ են: Բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, հետեւաբար՝ «մադրիդյան» փաստաթուղթն էլ չկա, որեւէ առաջարկ չկա: Հիմա խորհրդատվություններն ընթանում են կայունության եւ վստահության ամրապնդման ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե հակամարտող կողմերին առաջարկվել է արցախցիների եւ ադրբեջանցիների համատեղ բնակության գոտի հիմնել, Մայիլյանը շեշտեց՝ նման գաղափար գոյություն չունի. «Դա շինծու հայտարարություն է, գիտենք, թե ում կողմից է դա եւ ինչ նպատակ է հետապնդում: Նման հարց չկա եւ չի լինելու: Եթե լինի, ես դեմ եմ լինելու»:

Մասիս Մայիլյանը նաեւ վստահեցրեց, որ բանակցային գործընթացում ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունների միջեւ տարաձայնություններ չկան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031