Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը մանիպուլյացիա է անում շատ անհարմար ժամանակ. Ռուբեն Ռուբինյան

Մարտ 31,2020 14:57

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց եւ չընդունվեց կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում ասաց, որ Հարավային Կորեայի փորձն է առաջարկվում կիրառել Հայաստանում ու փրկել կյանքեր, իսկ ընդդիմությունը մանիպուլյացիա է անում շատ անհարմար ժամանակ: Ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ-ականները սկսեցին վիճել: «Իմ քայլը» խմբակցությունից Միքայել Զոլյանն ասաց, որ ընդդիմադիրները հիմա բողոքում են, բայց Սերժ Սարգսյանի իշխանությանը որեւէ կերպ չէին խանգարում բռնապետություն հաստատել:

«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ վտանգավոր է այն մանիպուլյացիան, որն արվում է նիստերի դահլիճում ու դրանից դուրս: Հովհաննիսյանն ասաց, որ երեկ պարետ Տիգրան Ավինյանի հետ են խոսել բոլոր մտահոգությունների մասին, նաեւ Ucom-ի. «Վաղը, մյուս օրը, եթե երկրում առողջապահական վատ վիճակ ստեղծվի, ասելու եք՝ կառավարություն, խի՞ քայլեր չեք ձեռնարկել: Կառավարությունը հիմա եկել, ասում է՝ տվեք ինձ գործիք: Լավ, ունենք մտահոգություն, պետք է փարատվի: Ընդդիմության ներկայացուցիչներից առաջարկում ենք պարտադիր մարդիկ ընդգրկվեն ու իրենց մասնագետներով ներկա լինեն տվյալների ոչնչացմանը… Լսում ենք այսպիսի բաներ՝ դիկտատուրա, ժողովրդավարությունը մեռավ: Մի հատ էդ ասողներին նայեք, իրենց թողնես՝ իրենք փոքր դիկտատորներ են իրենց տեղերում»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ տառ առ տառ քննարկել են օրենքի նախագիծը ու դրական եզրակացություն են տվել. «Ժողովուրդ ջան, երեւի թե սովոր չեք, որ խորհրդարանական մեծամասնության մեջ կարող են լինել պատգամավորներ, որոնք կարող են իրենց կարծիքն արտահայտել, իրենց դիտարկումները, մոտեցումները: Մենք երեւի թե սովորել ենք իրավիճակին, երբ կուսակցությունը ժողովրդավարական էր անվանում իրեն, բայց թե՛ ներքին կառավարման, թե՛ արտաքին կառավարման առումով այնպիսի ավտորիտար մեթոդներ էր դրսեւորում, որոնք անընդունելի էին»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ տպավորություն է՝ մարդիկ քաղաքական գործիչ են դառնում, մասնագիտական մոտեցումները մոռանում են ու դավաճանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031