Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում 56 ՀՀ քաղաքացի կա, ՀՀ ԱԳՆ-ն դիմել է Մայր Աթոռի օգնությանը՝ նրանց վերադարձնելու համար

Մարտ 31,2020 14:33

ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի 1.1 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ԵՄ-ն 140 միլիոն եվրո է նախատեսել Արեւելյան գործընկերության վեց երկրներին: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա նշեց, որ ԵՄ-ն դեռ չի հայտարարել, թե այդ 140 միլիոնն ինչպես է վեց երկրների միջեւ բաշխվելու:

Բայց այս գումարից 30 միլիոնով ԱՀԿ-ի միջոցով համապատասխան սարքավորումներ եւ նյութեր են ձեռքբերվելու, 100 մլն՝ ՓՄՁ-ին աջակցելու համար է եւ մոտ 10 մլն էլ տրամադրվելու է ՀԿ-ներին, այն դրամաշնորհային ծրագիր է COVID-19-ի դեմ պայքարի համար:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչպես ասաց Ադոնցը, կան հաղորդակցության դժվարություններ եւ խնդիր է մեր քաղաքացիներին այլ երկրներից ՀՀ տեղափոխելը: Նա նկատեց, ՀՀ քաղաքացիներ կան ԱՄՆ-ում, Իսրայելում, Իրաքում. «46 երկրների հետ կապի մեջ ենք, տիրապետում ենք իրավիճակին: ԱՄՆ-ում մեր դեսպանության օգնությամբ մեր ուսանողները վերադարձան: Բայց Ֆլեքս ծրագրով ԱՄՆ-ի 36 նահանգներում 36 ՀՀ քաղաքացիներ կան, որոնք սովորում են այնտեղ: Նրանցից ամեն մեկը մի ընտանիքում է ապրում, դեսպանությունը կապի մեջ է նրանց հետ»: Փոխնախարարի ներկայացմամբ՝ նրանց համար ավելի անվտանգ է նույն կերպ շարունակել կեցությունը, քան նրանց բոլորին մեկ տեղ հավաքել ու փորձել ուղիներ գտնել, վերադարձնել. դա շատ ռիսկային է:

Իրաքում կա ՀՀ 80 քաղաքացի, նրանք աշխատում են եվրոպական մի ընկերությունում, ՀՀ դեսպանությունը կապի մեջ է այդ ընկերության հետ, որն ապահովում է մեր քաղաքացիներին համապատասխան կարանտինային պայմաններով:

ՌԴ-ում սովորող մեր քաղաքացիներն, ըստ Ադոնցի, կարող են շարունակել ապրել այնտեղ, իրենց տրամադրված հանրակացարաններում՝ պահպանելով կարանտինային պայմանները:

Ինչ վերաբերում է Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիների ճակատագրին, ապա Ավետ Ադոնցն ասաց, որ այնտեղ ունենք 56 քաղաքացի, փորձում են նրանց վերադարձը կազմակերպել ՀՀ, դիմել են Մայր Աթոռի օգնությանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031