Այսօր ԱԺ նիստում քննարկվեց եւ չընդունվեց Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած էր՝ իմքայլական պատգամավորների առաջարկները մերժել է կառավարությունը ու հիմա ԱԺ նիստում եկել-հիմնավորում են, որ սա լավ բան է. «Բա որ լավ բան էր, ինչի՞ էին մերժում: Առողջապահության հանձնաժողովի նախագահն ասում է, որ սա զրո ազդեցություն ունի պանդեմիայի դեմ պայքարի համար: Եթե զրո ազդեցություն ունի, տակը ի՞նչ է մնում՝ մարդկանց վերահսկելը»:
Մարուքյանը հեգնեց՝ ամբողջ աշխարհում համավարակի արդյունքում ոչ մի լավ հնարավորություն չի բացվել, ինչ կա՝ վատ է, մենակ Հայաստանում են ասում, որ նոր հնարավորություններ է ստեղծում, այն էլ տեսնում ենք, որ նոր հնարավորությունը վերաբերում է մարդկանց լսելուն, կողքի մարդկանց իմանալուն, տեղորոշելուն, հսկելուն. «Եթե ձեզ թվում է, որ պիտի վստահեմ ձեզ, դուք էլ եք Signal-ով խոսում, դուք էլ եք WhatsApp-ով խոսում: Եթե վստահում եք էդքան ձեր կառավարությանը, ինչի՞ եք signal-ով խոսում վախում եք ձեզ ո՞վ լսի, ձեր ԱԱԾ-ն, բա ինչի՞ եք Signal-ով խոսում, հետեւաբար մի եկեք այստեղ համոզեք: Զբաղվեք սոցիալական հարվածի տակ գտնվող մեր քաղաքացիներով, որոնք այսօր ավելի մեծ հարվածի տակ են սոցիալական իմաստով, քան կորոնավիրուսի տարածման իմաստով»:
Մարուքյանն ասաց, որ իրենք առաջարկություն չեն ներկայացել, որովհետեւ նախագծի էությանն են դեմ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ